«Եղել են համաչափ գործողություններ։ Ոստիկանությունը տվյալ պահին իրականացրել է այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են եղել՝ տվյալ պահով պայմանավորված»,- անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած բախումներին՝ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա նշեց՝ կադրեր ունեն, որոնցում երևում է, որ ցուցարարները ոչ միայն քարեր, այլև այլ առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ։ Այնուհետև պարզաբանեց․ «Երբ ակնհայտ է, որ ցույցը խաղաղից անցնում է ոչ խաղաղի, այդ դեպքում ոստիկանությունը կարող է կիրառել ցանկացած միջոց օրենքի շրջանակում»։
Նա վստահեցրեց՝ ոստիկանությունը չի եղել սադրանքներ հրահրողը․ «Մի թյուր կարծիք է ձևավորվել, որ իրավական առումով իրենք իրավունք ունեն շարժվելու այն կողմով, որ ցանկանում են։ Մենք իրավական պետություն ենք, կան հստակ ամրագրումներ։ Հավաքների մասին օրենքով հստակ տրված է․ կան սահմանված կանոններ երթերի, հավաքների անցկացման համար։ Եթե ոստիկանությունը նպատակահարմար է գտնում հավաքների կազմակերպումը, տեղեկանում է այնպիսի իրավիճակի մասին, որը կարող է հանգեցնել հասարակական կարգի խախտման, անհրաժեշտ պետական շահերի խախտման, ապա ոստիկանությունը կարող է առաջարկել այլ ուղի»։
Արա Ֆիդանյանը պնդեց՝ ցուցարարներն, իր բնորոշմամբ, մեղմ ասած անցնում են իրենց լիազորությունները։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատեք կարմիր բերետավորների աշխատանքը, Արա Ֆիդանյանը պատասխանեց․ «Կարմիր բերետավորների, ոստիկանության բոլոր ծառայողների գործունեությունը դրական եմ գնահատում։ Նման իրավիճակներում առանց խնդիրների ծառայությունն անհնար է իրականացնել․ սադրանքներն անչափ շատ են։ Երբ գալիս են, քորոցներով աննկատ ծակում են կարմիր բերետավորներին, դա նորմա՞լ եք ընդունում։ Դրանից հետո կարմիր բերետավոր լինի, թե այլ ծառայող, ինչքան էլ փորձի իրեն տիրապետել, չի ստացվի։ Նաև հայհոյում են նրանց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ