Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունահոսող հիվանդին շտապօգնության մեքենան մոտեցել է 1 ժամ ուշացումով, ճանապարհին էլ ծուխ արձակել ու փչացել՝ ցավից գալարվող մարդուն չկարողանալով հասցնել հիվանդանոց

Հունիս 10,2022 21:01
shtap

Առողջապահության ոլորտը, որի բարեփոխման համար վերջին տարիներին միլիոններ ենք ծախսում՝ այդ թվում եւ հարկատուների գումարներից, կհամարվի արդյունավետ, եթե բացառվեն համակարգի այնպիսի դեպքերը, ինչը տեղի է ունեցել քաղաքացի Կ. Խ.-ի հետ: Այս միջադեպը մի օրինակ է՝ ինչպես է կառավարվում ոլորտը՝ անկախ նրանում տեղի ունեցած բարեփոխումներից: Տվյալ դեպքում
քաղաքացի Կ. Խ.-ին բաժին չի հասել շտապ օգնության այն հարյուրավոր մեքենաներից գոնե մեկը, որոնց հանդիսավոր շնորհանդեսներին երբեմն երբեմն ականատեսն ենք լինում:

Դեպքից օրեր առաջ ծանր վիրահատություն տարած Կ. Խ.-ն ստիպված է եղել արյունահոսելով 1 ժամ սպասել՝ մինչեւ կմոտենա շտապօգնության մեքենան: Կանչը եղել է Կոտայքի մարզի Ջրվեժի՝ Ամառանոցներ կոչվող թաղամասից՝ առավոտյան 9 անց 54 րոպեին, շտապօգնությունը հիվանդին մոտեցել է 11 անց 5 րոպեին: Բայց մոտենալուց հետո էլ քաղաքացու տանջանքները չեն թեթեւացել. Շտապօգնության մեքենայում անգամ մեկ ասեղ ցավազրկող չի եղել, որպեսզի մինչեւ հիվանդանոց հասնելը ցավից գալարվող Կ. Խ.-ի ցավի նոպաները փոքր ինչ թեթեւացնեն: Հիվանդի հարազատները պատմում են, որ ունեցել են միայն անոթալայնիչ, որն էլ ներարկել են: Բուժքույրն ասել է՝ իրեն ու վարորդին տնից են կանչել՝ բերել, եւ որ շտապօգնության ընդամենը երկու «բրիգադ» է սպասարկում:

Բայց, ինչպես ասում են, սա դեռ «ժուռնալն» է. Ջրվեժից Երեւան ճանապարհին, Պաշտպանության նախարարության հարակից տարածքում շտապօգնության ավտոմեքենան ծուխ արձակելով արգելակվել է ու՝ փչացել՝ հիվանդին թողնելով ճանապարհի մեջտեղում: Անվտանգության նկատառումներով՝ ստիպված են եղել իջնել մեքենայից՝ ցավերի մեջ գտնվող հիվանդին նույնպես իջեցնել՝ մինչեւ որ նոր շտապօգնություն կանչեն: Ծառայությունից հայտնել են, սակայն՝ այլ «բրիգադ» չունենք: Կ. Խ.-ի խոսքով՝ բաց տարածքում արյունահոսելով ու ցավից գալարվելով սպասել է՝ մինչեւ որ որդին մոտեցել է ու հորը հասցրել Երեւանի հիվանդանոցներից մեկը:

«Արդեն «Վստրեչի» կամրջի մոտ էինք շտապօգնությունից զանգեցին՝ տեսնեն ի՞նչ ենք արել, ասացին, որ արդեն կարող են մեքենա ուղարկել, բայց հրաժարվեցինք, այլեւս պետք չէր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կ. Խ.ն:

Բարեբախտաբար հիվանդի կյանքը բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքում փրկվել է, արյունահոսությունը դադարեցվել:

Բայց այստեղ այլ խնդիր էլ կա. Ինչպես գիտենք՝ Ջրվեժ համայնքը Երեւանին կպած է եւ հենց Ջրվեժում է գտնվում Երեւանի շտապօգնության կայաններից մեկը, որտեղ կանգնում են մայրաքաղաքը սպասարկող «բրիգադները»: Ավելին՝ Կ. Խ.-ի տնից այդ կայանը մոտ 2 րոպեի ճանապարհ է: Սակայն 1-03 ծառայությունը հրաժարվել է մեքենա ուղարկել: Ասել են՝ կարգն է այդպես. անգամ, եթե կանչի հասցեն շատ ավելի մոտ է Երեւանի շտապօգնության համար, միեւնույն է, եթե Ջրվեժը Կոտայքի մարզում է, պետք է սպասարկի մարզի ծառայությունը: Երբ Կ. Խ.-ի համար կանչ են գրել, 1-03 ծառայությունից հայտնել են՝ Երեւանը «բրիգադ» չունի, պետք է Աբովյանից գա:

Աբովյանինն էլ մեկ ժամ հետո է եկել: Գալուց հետո էլ հրաժարվել են հիվանդին տեղափոխել Երեւանի այն հիվանդանոցը, որտեղ քաղաքացին օրեր առաջ վիրահատվել էր: Նշել են՝ դա վճարովի ծառայություն է, անվճար կարող են տեղափոխել Աբովյանի ԲԿ: Հիվանդի հարազատները հայտնել են, որ պատրաստ են բոլոր վճարումները կատարել՝ միայն թե արյունահոսող հիվանդին շուտ հասցնեն հիվանդանոց:

Դեպքի մանրամասները փոխանցեցինք Կոտայքի մարզպետարանի պատասխանատուներին: Հետաքրքրվեցինք՝ շտապօգնության քանի՞ «բրիգադ» ունի Կոտայքի մարզի շտապօգնությունը, տեղյա՞կ են արդյոք՝ ծառայության ուշացումների ու քաղաքացիների դժգոհությունների մասին: Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Հայրիյանն ասաց, որ ո՛չ մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, ո՛չ էլ առողջապահության նախարարության թեժ գծերով նման ահազանգ չեն ստացել. «Դեպքն անմիջապես կուսումնասիրվի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից, որպեսզի համակողմանի ներկայացնենք՝ ինչ է տեղի ունեցել: Դեպքի ուսումնասիրությունը ենթադրում է շտապօգնության տվյալ ժամի կանչերի ուսումնասիրություն, լոկացիայի ստուգում, կանչի թերթիկների ստուգում, որը մի փոքր ժամանակ է պահանջում: Մենք կաշխատենք առավելագույնը սեղմ ժամկետում ուսումնասիրել եւ պատշաճ տեղեկատվություն տրամադրել»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ Երեւանում եւ ՀՀ մարզերի քաղաքային բնակավայրերում շտապօգնության՝ կանչը ստանալուց դեպքի վայր ժամանելու տեւողությունը, մինչեւ 20 կմ հեռավորության համայնքներ գնալիս, չպետք է գերազանցի 15 րոպեն, 20 կմ-ից ավելի հեռավորության համայնքներից՝ 30 րոպեն՝ բացառությամբ ձմեռային ամիսների՝ ելնելով ճանապարհային երթեւեկության չնախատեսված բարդություններից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930