Ինչպես արդեն բազմիցս հանրությանը իրազեկվել է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:
Հատկանշական է, որ հունիսի 9-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ անկանխիկ գործարքների վերաբերյալ օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության, մասնավորապես՝ նման գործարքը համարվելու է առոչինչ:
Օրինակ, եթե անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի գինը գնորդը չվճարի անկանխիկ ձևով, ապա գործարքը ի սկզբանե կլինի անվավեր, այսինքն՝ գոյություն չունեցող: Տվյալ պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել առոչինչ ճանաչել գործարքը: Դրա արդյունքում գործարքի կողմերը ստիպված են լինելու միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ դրամով փոխհատուցել արժեքը: Նույնը վերաբերելու է նաև այն դեպքերին, երբ օրենքի պահանջները կատարելուց խուսափելու համար գործարքի գումարը մաս-մաս կվճարվի:
Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:
Կարդացեք նաև
Միաժամանակ, Օրենքով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:
Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում և խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:
Տեղեկացնենք, որ ըստ օրենքի պահանջի՝ 300,000 ՀՀ դրամը գերազանցող մի շարք գործարքներ պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով: Օրինակ, ապրանքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման, պարտքի դիմաց գումար վճարելը և նմանատիպ այլ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի և այլնի առուվաճառքի) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը:
ՀՀ Արդարադատության նախարարություն