Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մեկ տարում Արմեն Փաշինյանը միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել. Փաստերի ստուգման հարթակ

Հունիս 10,2022 19:22

Փաստերի ստուգման հարթակ. Վերջին մեկ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։

Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։

«Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։

2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝  փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե քանի աշխատող ունի ընկերությունը։ Սակայն կատարված պարտադիր վճարումներից կարող ենք պնդել, որ ընկերությունն ունի առավելագույնը 4-5 գրանցված աշխատակից։

Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։

Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։

Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։

Այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։

Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։

Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Արմեն Փաշինյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և միայն հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան։ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ Արմեն Փաշինյանը Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։

Որպեսզի հասկանանք, թե ինչով է զբաղվել Արմեն Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կապ հաստատեցինք վերջինիս հետ։

Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ աշխատել է լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Հարցին, թե ի՞նչ լոգիստիկ կազմակերպության մասին է խոսքը, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա համար պետք է  ընկերության տնօրենի թույլտվությունը։

Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930