Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները ապշել են Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքից

Հունիս 10,2022 20:00

«Ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն զոհվածների ծնողների հետ, որոնք վիրավոր հոգի ունեն, եւ գտնվում են հոգեբանական վատ վիճակում: Պետք է դրսեւորեն բացարձակ համբերատար, հարգալից վերաբերմունք, սակայն այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։ Նա եւ զոհված զինծառայողների մի քանի ծնողներ մանրամասներ ներկայացրին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից՝ նշելով, որ ապշած են Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պահվածքից:

«Նրա խոսքում եղավ սադրիչ դրույթ, ինչի հետեւանքով ծնողների հետ վիճաբանություն սկսվեց։ Մենք ապշած էինք, երբ տեսանք նման բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, որը բառացիորեն ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի կամ հարց լուծելու։ Որոշ մայրեր, այդ թվում` ես, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս եկանք»,- ասաց Կարին Տոնոյանը։

Այդ հանդիպումից հետո ծնողները պահանջում են, որպեսզի իրենց գործը Քննչական կոմիտեից փոխանցվի Ազգային անվտանգության ծառայությանը։ Նա նշեց, որ չնայած՝ միջադեպից հետո Արգիշտի Քյարամյանը ներողություն էր խնդրել, սակայն իրենք հոգնել են այդ ներողություններից։

Կարին Տոնոյանի խոսքով, հասնելու են իրենց պահանջի կատարմանը, այն է, որ գործը պետք է քննվի առերեւույթ պետական դավաճանության՝ 299 հոդվածով. «Ծնողների մի քանի խմբերի, ինչպես նաեւ փաստաբանների կողմից դատախազություն են ներկայացվել հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ կատարել է այնպիսի արարքներ, որոնք օգնել են թշնամի պետությանը՝ Ադրբեջանին, որպեսզի նրանց զինված ուժերը վերադառնան Արցախի ազատագրված տարածքներ եւ նույնիսկ ներխուժեն ՀՀ սուվերեն տարածք։ Մեր համոզմամբ՝ կատարվել է առերեւույթ պետական դավաճանություն։ Այդ հիմքով գործ հարուցելու համար կան բոլոր փաստերը»:

Ըստ նրա, հանցագործության մասին բոլոր հաղորդումները կցվել են Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների քրեական գործին, որը հարուցվել է քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Գործը, Կարին Տոնոյանի խոսքով, հանձնել են քննչական կոմիտեին, ինչը նրա կարծիքով, միտումնավոր է արվել. «Քանի որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին ԱԱԾ պետ էր, բնականաբար, իրենք շատ լավ տեղյակ են, թե այդ օրերին ինչ է կատարվել։ Դրա համար վստահություն չունենք, որ այդ մարմինը կարող է պատշաճ քննություն իրականացնել։ Թեեւ հանդիպման ժամանակ Քյարամյանը նշեց, թե ով է ասել, որ իրենք ավելի վատ կտանեն քննությունը, քան ԱԱԾ-ն, քանի որ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենք չեն ենթարկվում։ Մենք գիտենք, որ նույնիսկ դատական համակարգը, որը բացարձակապես անկախ պետք է լինի, ենթարկվում է Փաշինյանին։ Սակայն մեր պահանջն է, որ գործը փոխանցվի ԱԱԾ-ին, եւ անպայման մեղադրանք ներկայացվի Փաշինյանին եւ նա կանչվի հարցաքննության»:
Կարին Տոնոյանի խոսքով՝ ինքը պարբերաբար հարց է տալիս՝ եթե վարչապետը մեղավոր չէ, ինչո՞ւ նրան չեն կանչում հարցաքննության, այլ, փոխարենն ամեն կերպ պաշտպանում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930