Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը. Արարատ Միրզոյան

Հունիս 10,2022 18:47

Հունիսի 10-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ Ստանիսլավ Վասիլիի,

Տիկնայք և պարոնայք,

Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:

Այս տարի մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս։

Նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը մեր երկրների անվտանգության վրա:

Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է: Հունվարին Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:

Մենք անդրադարձել ենք նաև երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացմանը և ՀՀ նախագահության առաջնահերթություններին:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը:

Նիստի արդյունքներով հավանության ենք արժանացրել ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների՝ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ծրագիրը՝ մոտակա երեք տարիների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ այս տարվա չորրորդ եռամսյակում:

Կարծում եմ, կսահմանափակվեմ այսքանով և խոսքը կփոխանցեմ Կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

Խնդրեմ, Ստանիսլավ Վասիլիի:

Շնորհակալություն»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930