Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա դրությամբ ԵՄ-ն սահմանափակող միջոցներ է կիրառել 1158 ֆիզիկական և 98 իրավաբանական անձանց նկատմամբ. ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Հունիս 10,2022 18:35

Հունիսի 3-ին ԵՄ-ն ընդունեց պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի և Բելառուսի կողմից վերջինիս աջակցության, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների լույսի ներքո։

ԵՄ-ն որոշել է արգելել հում նավթի և որոշ նավթամթերքների գնումը, ներմուծումը կամ փոխանցումը Ռուսաստանից ԵՄ տարածք։ Ռուսական նավթից աստիճանական հրաժարումը կտևի շուրջ վեց ամիս՝ հում նավթի, և մինչև ութ ամիս՝ այլ վերամշակված նավթամթերքների համար։

Ժամանակավոր բացառություն է նախատեսվում խողովակաշարով հում նավթի ներմուծման համար դեպի ԵՄ անդամ այն երկրներ, որոնք իրենց աշխարհագրական դիրքի պատճառով կախվածություն ունեն ռուսական մատակարարումներից և չունեն կենսունակ այլընտրանքային տարբերակներ։ Ավելին, Բուլղարիայի և Խորվաթիայի դեպքում ևս ժամանակավոր զիջում կարվի՝ կապված Ռուսաստանի ծովային հում նավթի և դիզելային վառելիքի ներմուծման հետ:

ԵՄ-ն նաև SWIFT համակարգից անջատում է ռուսական ևս երեք ֆինանսական հաստատություններ («Սբերբանկ»-ը, որը խոշորագույնն է Ռուսաստանում, Մոսկվայի կրեդիտային բանկը և Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկը) և Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը:

ԵՄ-ն իր տարածքում դադարեցնում է ռուսական ևս երեք պետական հեռուստաընկերությունների («Ռոսիա ՌՏՌ/ՌՏՌ Պլանետա», «Ռոսիա 24/Russia 24» և «ՏՎ Ցենտր Ինտերնեշնլ») հեռարձակման գործունեությունը, որոնք տարածել են ապատեղեկատվություն և վարել քարոզչություն Ուկրաինա ներխուժման մասին՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի հարևան երկրներում ու ԵՄ-ում ու նրա անդամ պետություններում։

Բացի այդ, ԵՄ-ն ընդլայնում է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ՝ ընդ որում դրանց թվում ներառելով ինչպես ռուսական, այնպես էլ բելառուսական կազմակերպությունների: Ավելին, ԵՄ-ն կընդլայնի այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական բարելավմանը։ Սա կներառի 80 քիմիական նյութեր, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենք արտադրելու համար:

ԵՄ-ն կարգելի հաշվապահական հաշվառման, հասարակայնության հետ կապերի և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև ամպային ծառայությունների մատուցումը Ռուսաստանին։

ԵՄ-ն նաև որոշել է պատժամիջոցներ կիրառել լրացուցիչ 65 ֆիզիկական և 18 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բուչայում և Մարիուպոլում ռուսական զորքերի վայրագությունների համար, աջակցում են պատերազմին, հանդիսանում են առաջատար գործարարներ կամ ցուցակված օլիգարխների ու կրեմլամերձ պաշտոնյաների ընտանիքի անդամներ, ինչպես նաև՝ պաշտպանության և ֆինանսական հատվածներում գործող ընկերություններ։

Ցուցակված 65 անձանց թվում են զինվորական անձնակազմը, որը ղեկավարել է ռուսական բանակի այն ստորաբաժանումների գործողությունները, որոնք սպանել, բռնաբարել և խոշտանգել են Բուչայում ուկրաինացի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ գնդապետ Ազատբեկ Օմուրբեկովը, որը ստացել է «Բուչայի մսագործ» մականունը: Ցուցակում ներառված են նաև Մարիուպոլ քաղաքի անմարդկային պաշարման համար պատասխանատուները, այդ թվում՝ «Մարիուպոլի մսագործ» մականունով գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը և նրանք, ովքեր 2022 թվականի մարտին մասնակցել են Խերսոնի մարզում ռուսական օկուպացիայի հետ համագործակցության օրգանի՝ այսպես կոչված «Խաղաղության և կարգի փրկության կոմիտեի» ստեղծմանը։ Եվ վերջապես, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում քաղաքական գործիչների, քարոզիչների, առաջատար գործարարների և արդեն իսկ պատժամիջոցների ենթարկված անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Նախկին մարմնամարզուհի և Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան նույնպես ներառված է ցուցակում որպես նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը։

Պատժամիջոցների ենթարկված 18 կազմակերպությունների թվում են մի շարք ընկերություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ներառյալ Ռուսաստանի արժեթղթերի ամենամեծ դեպոզիտարիան՝ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:

Ներկա դրությամբ ԵՄ-ն սահմանափակող միջոցներ է կիրառել ընդհանուր առմամբ 1158 ֆիզիկական և 98 իրավաբանական անձանց նկատմամբ: Նշված անձինք ենթարկվել են ակտիվների սառեցման, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվել է միջոցներ տրամադրել նրանց: Ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է լրացուցիչ ճանապարհորդական արգելք, որը թույլ չի տալիս նրանց մուտք գործել ԵՄ տարածք կամ տարանցում կատարել այնտեղով։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930