Այսօր ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կոնֆերանս էր՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսության վրա» թեմայով:
ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում ասաց. «Որքան էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հրաժարվի իրերն իրենց անունով կոչել, այնուամենայնիվ, դա ռազմական ներխուժում է միջազգայնորեն ճանաչված պետության տարածք: Պետք է հասկանալ, որ այլեւս տարածաշրջանը գնում է նրան, որտեղ պատերազմները կարող են տեւել ոչ թե 4-5 օր, ինչպես ռուս-վրացական պատերազմը, կամ ապրիլյան քառօրյա պատերազմը 2016-ին, թե պարզապես այլ բան է տեղի ունենում մեր տարածաշրջանում, որի արդյունք է այն, որ մենք կարող ենք արդեն «ադապտանալ» տեւական պատերազմի հետ: Արեւելյան քաղաքականության անկումն էր, միգուցե բացթողումների արդյունքում այդ քաղաքականության հզորացումն է, որ պատերազմին տվել է, մեղմ ասած, իմաստ: Ակնհայտ է, որ տարածաշրջանում նեոկայսերական նպատակներ հետապնդող պետություններին դաշտում մրցակցությունն այլեւս պետք չէր, շահավետ չէր ու օգտագործելով միջազգային հարաբերություններում ստեղծված խոցելի իրավիճակները, փորձեցին դա լուծել անընդունելի եղանակներով, ինչպիսին պատերազմի միջոցով վեճերի ուծումն է: Ուկրաինայի դեպքում թեպետ որեւէ վեճի մասին խոսք լինել չի կարող, մերկ է ՌԴ-ի կողմից ռազմաքաղաքական պահանջը, դա ուղղակի Ուկրաինայի կողմից հրաժարումն է ինքնիշխանությունից, ժողովրդավարությունից»:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ՌԴ-ն փորձ արեց ստեղծել արյունահոսող վերք՝ ազդելու Ուկրաինայի քաղաքական ու արժեքային ընտրության վրա: Այս իրավիճակը մտահոգիչ է արեւելյան գործընկերության համար, որովհետեւ անպաշտպան են դառնում ժողովրդավարությունը, այդ արժեքները պաշտպանող հասարակությունները ու գերակա են դառնում վեճերը ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով լուծելու մոտեցումները:
Կարդացեք նաև
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դիկտատորական ռեժիմի հերթական թիրախում հայտնված Սյունիքի մարզում ԵՄ-ի կողմից ֆինանսական հատկացումները խոսում են այն մասին, որ ԵՄ արեւելյան քաղաքականությունը հարվածներ ստանալով՝ շարունակվում է:
Այն այլընտրանք չունի, այն արժեքների ընտրությունն է. «Ես ուզում եմ նշաններ տեսնել ԵՄ-ի, ԵԽ նախագահ Միշելի վերջին նախաձեռնության առումով, մանավանդ, որ վերջին հաղորդագրության մեջ, փորձելով երկու կողմերի համար ընդունելի ձեւակերպումներ տալ, այնուամենայնիվ սուբյեկտայնության նշաններ կային ԼՂ-ի էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքի ու անվտանգության կարեւորման տեսանկյունից: Վրացական հակամարտության, աբխազականի դեպքում ԵՄ-ն փորձ արեց ներգրավվածության, բայց բոլոր դեպքերում այդ տարածաշրջանում ողբերգությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ, ըստ էության, միջազգային իրավունքի տեսանկյունից վեճերը ռազմական եղանակով լուծելու հակված առաջնորդների առջեւ հստակ չդրվեց այն հարցը, որ այդ տարածաշրջաններում կա կարգավիճակի խնդիր, կան բաց հարցեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ