Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք, որ ղեկին նստում ենք՝ սկսում ենք լարվել, կռիվ անել ինքներս մեր հետ, կարմիր լույսի հետ, դիմացինի հետ, որպես կանոն, մի հատ էլ հետեւից ենք խփում». Անդրանիկ Քոչարյան

Հունիս 10,2022 17:27

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, բայց քննարկումը 2 ամսով հետաձգվեց:

Հետո քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Արմեն Խաչատրյան

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ներկայումս այն տրանսպորտային միջոցները, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, ամեն 10 օրը մեկ ճանապարհային ոստիկանությունը պետք է ակտ կազմի, վարչական իրավախախտման որոշում կայացնի: Տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ այսօր հայաստանյան համարներով են հաշվառված, բայց գտնվում են ՀՀ-ից դուրս, շահագործվում են արտերկրում: Հիմա առաջարկում են, որ ճանապարհային ոստիկանությունը իրավունք ունենա որոշում կայացնել ԱՊՊԱ չունեցողների վերաբերյալ 10 անգամ տարվա մեջ: Բացի այդ, 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդների նկատմամբ, որոնք առանց ԱՊՊԱ-ի մեքենան վարել են: Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս իրավախախտումը ճանապարհային երթեւեկությանը որեւէ վտանգ չի սպառնում, միայն ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության համար է, 100 հազար դրամը չի համապատասխանում խախտման բնույթին: Ըստ պատգամավորի, մարդը, որն առանց ԱՊՊԱ-ի վարում է, սոցիալական խնդիր ունի, ուստի պարտավորություն դնել 100 հազար դրամ էլ վճարել, ծանր բեռ է դառնում:

Հիմա առաջարկվում է, որ եթե ԱՊՊԱ չունենալու համար վարչական իրավախախտում են արձանագրել, 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիրը կնքում է, այսինքն, խախտումը վերացնում է, 25 հազար դրամ է վճարելու, ոչ թե 100 հազար:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ ոլորտում լուրջ խնդիր կա, ապահովագրական ընկերությունները ստիպված բարձրացնում են ապահովագրավճարը: Ամեն տարի 15-20% ավելանում են վթարները ու ՃՏՊ-երի քանակի մեծացման հետ ավելանում են նաեւ ԱՊՊԱ-ի վճարները:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մեքենաների հնությունն էլ կարող է խնդիր լինել, բայց նույնիսկ Տաջիկստանում պատահարներ չի տեսել. «Մենք, որ ղեկին նստում ենք՝ սկսում ենք լարվել, կռիվ անել ինքներս մեր հետ, կարմիր լույսի հետ, դիմացինի հետ, որպես կանոն, մի հատ էլ հետեւից ենք խփում»:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ ամեն տարի առնվազն 10% աճում է տրանսպորտային միջոցների քանակը: Թե ինչու է ավելանում աննախադեպ, նրանից է, որ չունենք կանխատեսեի ու լավ հանրային տրանսպորտ, որեւէ մեկը չի կարող ասել,թե ժամը քանիսին տրանսպորտը կլինի կանգառում: Նա ասաց, որ եթե երթուղայինները նորմալ աշխատեն, ինքն անձամբ հաճույքով կօգտվի:

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Այդպես որ գնանք, պետք է սկսենք վարորդական վկայականներից, քննություններից, պետք է խիստ վերաբերվենք դրան: Մարդը պետք է երթեւեկության գիտելիքներին տիրապետի, որ ստանա վկայական: Ես եկել եմ մի եզրահանգման, որ մենք չենք հանդուրժում, զուսպ չենք, ուզում ենք շուտ հասնենք, բայց որպես կանոն ուշ ենք հասնում, որովհետեւ վթարը ինքը իրեն գալիս, կպնում է մեզ: Դա հոգեբանական խնդիր է»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930