Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեղքեր շատ կարող եմ ունեցած լինել, առաջարկում եմ ինձ անընդհատ չհիշեցնել, թե ես անցյալում ինչ թերություններ եմ ունեցել». Ջանջուղազյանը՝ Արսեն Թորոսյանին

Հունիս 10,2022 16:48

ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կորոնավիրուսի ծախսերի հետ կապված:

Հիշեցնենք, որ ըստ ուսումնասիրության, մեկ պացիենտի ԿՏ-ի՝ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց կատարել են բազմակի վճարումներ: Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել են առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ:

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, լսելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքերը, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար տրամադրված գումարից 136 մլն ծախսել են Միքայելյան հիվանդանոցի բակի բարեկարգման համար, ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, պարետատան հետ նիստեր են արել ու նույն Միքայելյան հիվանդանոցի բակի բարեկարգման հարցը այդ կոլեգիալ մարմնում են որոշել. «Ասել, թե մենք հանրային թեկուզ 10 դրամ փողի նկատմամբ այդպես բարձիթողի վերաբերմունք ենք ցուցաբերել, ամենեւին այդպես չի: Ես չէի կարող որոշել, որ արագ արվում են այդ աշխատանքները, ոչ մեկին դրա մասին տեղյակ չպահեի, ինքնահոսի պահուստային ֆոնդից տրամադրվեին հանրային միջոցները»:

Թորոսյանն ընդգծեց, որ Ջանջուղազյանն այդ ժամանակ ֆինանսների նախարար է եղել ու մասնակցել որոշումների կայացմանը:

Ջանջուղազյանը արձագանքեց. «Ձեր հերթական հիշատակումը իմ անցյալի չեմ կարծում, որ այս քննարկման արժեքն ավելացնում է, որովհետեւ ես շատ մեղքեր կարող եմ գործած լինել, այդ թվում՝ քվեարկած լինեմ մի որոշման, որտեղ գումար է հատկացվել, բայց հետո պարզվի, որ այդ գումարը չպիտի հատկացվեր, օրինակ: Ես մեղքեր շատ կարող եմ ունեցած լինել, առաջարկում եմ ինձ անընդհատ չհիշեցնել, թե ես անցյալում ինչ թերություններ եմ ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930