Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանջուղազյանը մեղադրում է, որ COVID-ի բուժման փողից 136 մլն-ով Միքայելյան հիվանդանոցի բակն են սարքել, Անահիտ Ավանեսյանը արդարանում է, թե Մասիվի զբոսանքի կենտրոն են դարձրել

Հունիս 10,2022 16:26

«Կարելի էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն համեմատել Ծաղկահովիտի ամբուլատորիայի հետ ու այլ եզրակացության գալ»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում այսպես հեգնեց Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կորոնավիրուսի ծախսերի հետ կապված:

Հիշեցնենք, որ ըստ ուսումնասիրության, մեկ պացիենտի ԿՏ-ի՝ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց կատարել են բազմակի վճարումներ: Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել են առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ:

Ավանեսյանը չէր պատասխանում հարցին, թե ինչու են կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար նախատեսված բուժհիմնարկի ցանկում չընդգրկված բուժհաստատությանը գումար հատկացրել կորոնավիրուսի բուժման համար՝ 3,5 մլրդ դրամ: Ինչպես է ստացվել, որ ԿՏ-ի համար կրկնավճար են տվել ու ինչու են բուժհիմնարկի բակի բարեկարգման համար 136 մլն տրամադրել, դա ինչքանո՞վ է կորոնավիրուսի բուժման վրա ազդել:

Նույն հարցերը ստիպված կրկնեց ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հորդորելով սպառիչ պատասխան տալ: Ավանեսյանը պատասխանեց. «Դժվար է հաշվել՝ կոյուղին կորոնավիրուսին վերաբերվե՞լ է, թե՞ ոչ ու բակը ինչո՞ւ ենք վերանորոգել, որովհետեւ ամբողջ կոյուղու համակարգը եղել է փտած: Կորոնավիրուսի սպասարկման ընթացքում շինաշխատանքները ուղղվել են նաեւ ամբողջ շենքի կոյուղու հիմնանորոգմանը: Ինչու դա չի արվել տարիներ ի վեր՝ ուրիշ հարց է: Այո, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնանորոգվել է, որովհետեւ ամբողջովին այլ որակով սպասարկելու համար, որը սպասարկել է, պետք էր ցավոք կոյուղուց սկսած վերանորոգում անել: Կոյուղու վերանորոգումից հետո, իհարկե, չէինք կարող թողնել փոսեր, վերանորոգել ենք, բարեկարգել ենք, այն դարձել է Մասիվի ամենա…զբոսանքի վայրերից, որը շատ կարեւոր է: Չգիտեմ՝ դա ինչքանով է էմոցիոնալ առումով ազդել պացիենտների վրա: Խնամված, լավ ԲԿ ունենալը կարծում եմ ազդել է, բայց կարծում ենք, դա կարեւոր ներդրում է ԲԿ-ի մեջ»:

Ջանջուղազյանը կարեւոր ճշգրտում արեց. «Մասիվում զբոսաշրջային վայրի հետ կապված չհասկացա ինչ նկատի ունեք, որովհետեւ Միքայելյան հիվանդանոցը ոնց որ թե աշխարհագրորեն Մասիվում չէր տեղակայված ու բակի բարեկարգման համար հատկացված 136 մլն-ի մասին էր խոսքը: Արդյոք դա առաջնահերթությո՞ւն է եղել: Ես, իհարկե, համարում եմ, որ էսթետիկան պակաս նշանակություն չունի, բայց արդյոք դա առաջնահերթ է եղել համավարակի բուժման համատեքստում, թե ոչ՝ դա դուք պետք է պարզաբանեք»:

Բացի այդ, Ջանջուղազյանն ասաց, որ կան աշխատանքներ, որոնք չի հաջողվում ուղղակիորեն կապել կորոնավիրուսի հետ, օրինակ, վերելակի ապամոնտաժումն ու նոր վերելակի տեղադրումը չի ստացվում կապել կորոնավիրուսի բուժման հետ. «Ծախսը մեծ չի, ենթադրենք, 23 մլն դրամ է, բայց այստեղ փոքր ծախս չկա, որովհետեւ ձեր նկարագրած ժամանակահատվածում, երբ կառավարության պահուստային ֆոնդից գումարը անարգել տրամադրվել է, փողի գինը էժան չէր: Նույն 23 մլն դրամը էական է ու եթե դա առաջնահերթ է համարվել, բուժման հետ կապ է ունեցել, էլի պետք է հիմնավորվի»:

Ավանեսյանն արձագանքեց, որ մոտեցման խնդիր է. «Մենք չենք կարող կորոնավիրուսի բուժման վրա ազդող փաստ համարել միայն նրան ներարկած կոնկրետ դեղամիջոցի թիվը կամ ծավալը կամ նրա սենյակի պահպանման ծախսերը, որովհետեւ տվյալ պացիենտի բուժման վրա անուղղակի անդրադառնում են ե՛ւ վերելակը, բակը, կոյուղին ու հիվանդանոցային ընդհանուր ենթակառուցվածքները»:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը միջամտեց, թե պատրաստվել են Միքայելյան հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների ընդունել, եթե չպատրաստվեին, այդ ժամանակ էլ կասեին՝ բա ինչու չէիք պատրաստվել, 3000 մահ ավել ունենք:

Ջանջուղազյանի պատասխանը այդ փաստարկին ավելի քան սպառիչ էր. «Էլի պատրաստվեիք, բակերով, տուֆեր, սալիկապատվածը քանդելով ու նորը տեղադրելով… Եթե 136 մլն-ի բարեկարգում է, շենքի արտաքին տեսքը փոխում եք, որը թղթաբանությանն է վերաբերում, ապա դուք իրավացի եք: Միքայելյան հիվանդանոցում նշված է՝ տուֆե քարերի քանդում է եղել»:

Ավանեսյանը հայտարարեց, որ չի կարող լինել որեւէ դեպք, երբ բուժկենտրոնը չի սպասարկել կորոնավիրուսով հիվանդի ու ֆինանսավորվել է: Խնդիրը, ըստ նրա, այլ տեղ է, պարզապես խառը իրավիճակում փաստաթղթերի կազմումը գուցե եղել է այն պահին, երբ որ այն վերապրոֆիլավորվել է, ոչ թե նախօրոք հրաման են տվել, նոր են սկսել աշխատել:

Ինչ վերաբերում է ԿՏ-ի կրկնավճարներին, Ավանեսյանն ասաց, որ խոսքը 14 դեպքի մասին է, բայց էլի որեւէ խնդիր չկա, քանի որ, եթե պարզվի, որ ավել են վճարել, բժշկական կենտրոնը դրանք հետ է վճարում բյուջե:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930