«Քիչ առաջ աշխատակիցներն ահազանգեցին, որ անհայտ անձինք «Երկիր Մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանին իր աշխատասենյակից անհայտ ուղղությամբ են տարել: Շտապեցի Երկիր մեդիա՝ հասկանալու, թե ինչ է կատարվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Եսայանը բերման է ենթարկվել:
Նա ըստ նախնական տեղեկությունների՝ բերման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի գործով, որի հիմքում 2020-ի նոյեմբերի 11-ի իրադարձություններն են, երբ հարձակման փորձ եղավ նաև «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա:
Այս առիթով Գեղամ Մանուկյանը մանրամասնեց. «Ուղղակի նախնական են տեղեկությունները: Անհայտ չորս քաղաքացիներ եկել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ և առանց բացատրության` հենց այդտեղից բերման են ենթարկել նրան: Նշել են՝ ձերբակալվում է Բագրատ Եսայանը: Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ: Նախնական է տեղեկությունը, որ դա երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում է:
Կարդացեք նաև
Երկու տարի նախաքննությունը ընթացել է, Բագրատ Եսայանը երկու տարի ապրել է Երևանում, հանդես եկել մամուլի ասուլիսներով, մասնակցել ցույցերի, մեկ այլ շինծու գործով իրեն մեղադրանք է առաջադրվել դատախազության մոտ ակցիայի ժամանակ իբր Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար: Նա ամեն անգամ պարտաճանաչ ներկայացել է, դատաքննության ժամանակ հանդես եկել բազում ելույթներով, բայց քննիչները կամ ԱԱԾ-ակաները որոշել են, որ պետք է հենց գան լրատվամիջոց, հենց նրա աշխատասենյակից, լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով նրան տանեն: Նրան որևէ ծանուցագիր չեն ուղարկել, նախաքննական մարմին չեն հրավիրել: Նրան կարող էին այլ տեղից կանչել՝ տնից, դրսից, հրապարակից: Բայց ոչ, հենց հատուկ եկել են լրատվամիջոցից, հենց աշխատակիցների ներկայությամբ տարել: Բագրատ Եսայանին մի անգամ ԱԱԾ-ն արդեն առևանգել է 1989-ին, երբ արցախյան շարժումն էր, և նա ուսանողական շարժման ղեկավարն էր: Այնպես որ, նրան հիմա շատ հուշեր են սպասում: Որևէ մեկը կասկած չունենա, որ Բագրատն այս ամենից պատվով դուրս կգա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ