Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Լավրովին «հուշել են», որ իշխող թիմն այնքան էլ համասեռ գաղափարական կառուցվածք չունի». Գեւորգ Գիլանց

Հունիս 10,2022 15:48

Aravot.am-ը «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներից Գեւորգ Գիլանցից հետաքրքրվեց`  ժամանակին նախաձեռնության անդամները համարում էին, որ օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի եւ անկախ պետականության նկատմամբ, հայտարարում էին, որ լեզուն գույք չէ՝ պարտքի դիմաց:  Այժմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընդառաջելով հայկական կողմի ցանկությանը՝ մտադիր են ավելացնել ռուսական դպրոցների թիվը, ինչ կարծիքի է այդ հայտարարության մասին:

Գեւորգ Գիլանց

«Շատ մեծ ցանկություն կա պարոն Լավրովին ուղարկել իրենց ռազմանավի հետևից, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Լավրովն այնքան հայտարարություններ է արել` սկսած պարզունակ «մանիպուլյացիաներից» մինչև իրականության նենգափոխում, որ առանց ինձ էլ բավարար է։ Նրա հայտարարությունների դեմ խամրում են նույնիսկ աբսուրդի գրականության լավագույն նմուշները։ Չեմ կարծում, որ ռուսական կողմը հիմա անհանգստացած է այս հարցով, սա ավելի շատ ներքին խժդժություններ ու անվստահություն հրահրելու համար է, ինչպես նաև չեմ կարծում, որ հայկական կողմը նման ցանկություն է հայտնել, ուղղակի պարոն Լավրովին երևի «հուշել են», որ իշխող թիմն այնքան էլ համասեռ գաղափարական կառուցվածք չունի և այնտեղ առկա են տարբեր թևեր, իսկ այս հարցի արծարծումը միշտ էլ էական և հուզական հզոր ֆոն է ունեցել… Զուր չէ, որ նա հենց Արարատ Միրզոյանի թևին է փորձում հարվածել, վերջին շրջանում հենց նրա հանդիպումներն ու նրա ղեկավարած գերատեսչության աշխատանքն է հունից հանում Մոսկվային։ Չէ՞ որ իրենց պատկերացրած «կրթված» հայը նույնիսկ կենցաղային հայերենին պիտի վատ տիրապետի, պիտի լինի ռուս կայսերապաշտ ու գրագետ մտքերը շարադրի «վելիկի ու մագուչի»-ով։ Մի խոսքով՝ կամ պիտի պրոպագանդիստ Մառգո լինի, կամ Միգռանյան», – ասաց Գեւորգ Գիլանցը։

Հարցրինք նաեւ, թե ինչու առաջվա նման չեն ընդվզում նախաձեռնության անդամները: «Նախաձեռնության անդամները միշտ ընդվզել են և ընդվզելու են՝ կախված վտանգի իրական ու ոչ իրական լինելուց, բայց հատուկ ուզում եմ շեշտել մի կարևոր գործոն. 2009-2011 թվականների պայքարի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցանք այն ժամանակվա իշխող վերնախավի հետ և հասկացանք, որ գործ ունենք գաղութային վարչակազմի հետ (Գարեգին Չուգասզյանի այն ժամանակվա ձևակերպմամբ), և այս հարցի լուծումը միայն իրական անկախության հասնելով և գաղութային հոգեբանությունից ազատվելով կարելի է լուծել։ Ու ամեն մեկը գնաց քաղաքական իր նախընտրություններին համապատասխանող ճանապարհով։ Հիմա նախաձեռնության անդամների մասը առողջ ընդդիմության շարքերում է, մի մասը՝ իշխանության մեջ, բայց հենց իրական վտանգ առաջանա, ապա համոզված եմ, որ նույն համախմբումը կլինի, նույնիսկ ավելի կուռ… Ուղղակի մարդիկ սովորել են մանիպուլյատիվ տեղեկատվությունը համադրել իրական գործընթացների հետ և ավելորդ զգայականության չտրվել։ Կարիք լինի՝ ավելի զորեղ համախմբում կունենանք», – ասաց մեր զրուցակիցը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930