Հունիսի 9-ի առավոտյան 42 համարի ավտոբուսի վարորդի ու ուղեւորի միջեւ վիճաբանությունը սկսել էր ուղեւորի ծխելուց:
Ընդհանրապես չծխող վարորդը դիտողություն է արել ուղեւորին՝ ավտոբուսում ծխելու համար: Վերջինս վրդովվել է դիտողությունից ու վեճի է բռնվել վարորդի հետ: 42 համարի ավտոբուսը սպասարկող ընկերության գործադիր տնօրեն Արման Ավետիսյանը Aravot.am-ին ասաց, որ ինչքանով իրեն հայտնի է՝ ուղեւորն էլ գրեթե ամեն օր օգտվել է իրենց երթուղուց. «Մեր վարորդները բավականին երկար ժամանակ են աշխատում, ուղեւորների հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն… վարորդին դանակահարած ուղեւորը բավականին գինովցած է եղել, նա արցախյան ազատամարտի մասնակից է, կոնտուզիա է տարել: Թե հիմա աֆեկտի՞ վիճակ է եղել դեպքի պահին, թե՞ կոնտուզիայի հետ կապված է եղել, չեմ կարող ասել»:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ երեկ վարորդն իրենց մոտ տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով: Ընդունվել է շտապ եւ անհետաձգելի բուժօգնության ընդունարան, որտեղ բժիշկները նախնական զննությամբ դանակահարություն են դիտարկել: Ընդունարանում տղամարդն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք ցուցված էին այդ պահին վերջնական ախտորոշում դնելու համար, անմիջապես տեղափոխվել է վիրահատարան ու վիրահատվել է: Այս պահին վարորդի վիճակը, ըստ վիրահատության բարդության, գնահատվում է կայուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ