Մեկ բուժառուի ԿՏ-ի՝ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց կատարել են բազմակի վճարումներ: Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել է առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ: Ահա այսպիսի եզրակացության է եկել Հաշվեքննիչ պալատը՝ ուսումնասիրելով 2020-ի կորոնավիրուսի համար բյուջեից արված ծախսերը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում թեժ մթնոլորտում քննարկվում է այս ծախսերի արդյունավետությունը:
ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանն օրինակ բերեց՝ ավտոբուսը շուռ է գալիս, մարդկանց կեսը մահանում է, հիմա այս դեպքում ավտոբուսը շուռ է եկել, 3 հոգի է մահացել, մենք ասում ենք՝ ինչո՞ւ է երեք հոգի մահացել: Ըստ նրա, եթե մարդկանց կյանքեր փրկելու գինը եղել է 100 հազար էլ ավել վճարելը, մենք պետք է գնայինք այդ քայլին ու հանրությունը պիտի վճարեր դա: Ըստ Պապոյանի, այդ ժամանակ, երբ ուսումնասիրությունն արել են, Ատոմ Ջանջուղազյանը չի եղել պալատի նախագահը ու հնարավոր է քաղաքական շահարկումներից ելնելով են նման եզրակացություն գրել:
Նշենք, որ ըստ պալատի եզրակացության, կորոնավիրուսի համար արված ծախսերը չեն եղել տնտեսող: Ջանջուղազյանն ասաց, որ իրենք մանդատ ունեն, որի մեջ քաղաքականությունը որեւէ կերպ չի տեղավորվում. «Շատ հեշտ է ասել, թե քաղաքական շահարկումներից է այսպիսի բան արվել: Օրենքով գրված, մեթոդաբանությամբ սահմանված, ուղեցույցներով ենթադրվող դատողություն է արված»:
Կարդացեք նաև
Ավելին, Ջանջուղազյանն ասաց, որ դեռ իրենք գնահատական չեն տվել, թե ինչու են գումար տվել այնպիսի բուժհիմնարկների, որոնք համավարակի բուժման համար նախատեսված հիմնարկների ցանկի մեջ չեն եղել:
Պապոյանն արձագանքեց, թե դրա բացատրությունը կա: Ջանջուղազյանը չընդունեց. «Այո, բացատրություն կա, բայց դա չի նշանակում, որ փաստը չի եղել: Օրինակ, թե 136 մլն դրամի բակի բարեկարգումը ո՞ր չափով է նպաստել համավարակի բուժմանն ու կանխարգելմանը, պիտի առնվազն հիմնավորվի»: Ըստ նրա, այս հարցերի պատասխանը չեն փնտրում, ասում են՝ լավ բան չի՞ եղել. «Մի հատ էլ հիմնավորում են դատախազական տոնով, մեղադրանք ներկայացնում Հաշվեքննիչ պալատին, հետն էլ՝ գնահատականներ տալիս, ընդ որում, ոչ թե քաղաքականությունն իրականացնող մարմնի կողմից, այլ՝ բժշկական կենտրոն ներկայացնողի կողմից»:
Նման գնահատական տվել էր քննարկման ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը՝ ասելով, թե քաղաքական եզրակացություն է տվել պալատը, կոպտագույն սխալներով հաշվարկ է արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ