Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման հարցը բաց է մնում. Արարատ Միրզոյան

Հունիս 10,2022 15:22

«2021 թվականի հունվարին, ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին՝ զորք մտցնելով, սակայն, դեռ բաց է մնում հարցը կապված 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ», – այսօր Երեւանում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա տեղեկացրեց, որ նիստում նախ նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում զարգացումների միտումները, անդրադարձել են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը: Այս հարցը, ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ, Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Նա նաեւ ասաց, որ Հայաստանը հավատարիմ եղել է եւ մնում է ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ, նախաձեռնող փոխգործակցությանը, անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը, կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համակարգման զարգացմանը, ՀԱՊԿ-ի դերի բարձրացմանը միջազգային ասպարեզում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էլ նկատեց, քննարկվող կարեւորագույն հարցերից էր ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման հարցը: Ըստ նրա, Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված փորձը լավ հիմք է հանդիսացել կառույցի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հետագա քայլերի համար: «Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ում արդեն սկսված աշխատանքի մասին, մենք մտադիր ենք մեկ ամսվա ընթացքում մշակել մի շարք փաստաթղթեր, մենք ճշգրտում ենք մեր օրենսդրական դաշտը, վերահսկման մարմինների եւ զորքերի պատրաստման համակարգը», – ասաց Ստանիսլավ Զասը։

ԱԳ նախարարները մեծ ուշադրություն են դարձրել արտաքին անվտանգության հարցերին, որոնք գնալով բարդանում են եւ սպառնալիք են ներկայացնում: Ընդունված փաստաթղթում պետությունների հավասարության սկզբունքն է ամրագրվել՝ մեկ պետության անվտանգության հաշվին չեն կարող լուծվել մյուս պետության անվտանգության հարցերը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930