Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ բարձրացնեն դատավորի աշխատավարձը, նրանք, ունենալով 300-600 գործ, չեն կարող որակ ապահովել»․ Հայկ Մարտիրոսյան

Հունիս 10,2022 15:03

Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների ոչ թե աշխատավարձն է բարձրանում, այլ նախագծով սահմանվում է հավելավճար, եւ չի բացառվում , որ հետագայում խնդիր առաջանա, ասենք՝ որւէ իշխանության ժամանակահատվածում  հավելավճարներ չվճարվեն, քանի որ սա կայուն աշխատավարձ չէ։ Այսպիսի դիտարկում արեց այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը՝ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով նախատեսվում է բարձրացնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը՝ Վճռաբեկինը՝  պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, ՍԴ դատավորներինը՝ 80%-ի չափով։

Երեկ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս նախագծին։  Երեկ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է՝ կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը։

Մարտիրոսյանի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է դատավորի աշխատանքի գրավչության բարձրացում, բայց միաժամանակ նախատեսված չէ, թե ինչ միտումներով պետք է ընթանան այդ աշխատավարձերի բարձրացումը, այսինքն, ինչ չափանիշներ պետք է հաշվի առնվեն․ «Օրինակ՝ ծանրաբեռնվածությունը համաչափորեն պետք է լինի բոլոր ատյաններում, դատական համակարգի հետ կապված մյուս օղակներում աշխատավարձի բարձրացում, թե՝ ոչ։ Օրինակ՝ փորձագիտական հիմնարկների, դատավորների օգնականների, եւ այլն։ Ռազմավարությունը, բնականաբար, ունի ծրագիր, այդ գործողությունների ծրագրում գոնե պետք է նախանշված լիներ այս ամենը, որովհետեւ այդ ռազմավարությունը չի կարող հիմնված չլինի բյուջեի պլանավորման վրա, նախատեսված պետք է լիներ տարվա կտրվածքով օրինակ որքան է լինելու առաջին ատյանի դատավորի աշխատավարձի բարձրացումը եւ այլն»։

Ըստ փորձագետի,  տրամաբանական չէ, որ ՍԴ դատավորի հավելավճարի չափը  80% է,  իսկ  առաջինի ատյանի դատավորի վարձատրության բարձրացման կանխատեսելի չափի մասին ոչինչ նշված չէ․ «Կարող է 10%  բարձրացնեն ու ասեն՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր գրավչության բարձրացում, մենք էլ դա ենք դիտարկում գրավչության բարձրացում»։

Ըստ Մարտիրոսյանի, աշխատավարձի բարձրացումը պետք է ուղղված լինի աշխատանքի արդյունավետության գնահատմանը եւ է՛լ ավելի բարձրացմանը․ «Այս տեսանկյունից հարց  է առաջանում՝ արդյոք գործող աշխատավարձերի պայմաններում, որը եթե համեմատենք միջին աշխատավարձերի չափորոշիչների հետ, դատական համակարգինը բարձր է։  Չենք կարող դատական համակարգը կտրենք հասարակության սոցիալական այլ շերտերից եւ ասել՝ առաջնային տեղում պետք է լինեն դատավորները։ Որտե՞ղ է դա հիմնավորված։ Այն տրամաբանությունը, որը որդեգրել են սոցիալական քաղաքականության շրջանակներում, արդեն իսկ բերում է նրան, որ հասարակության մեջ լինում է իրավապահ համակարգի աշխատողներ եւ հասարակություն, կամ՝ պետական կառավարման ապարատի աշխատողներ եւ հասարակություն, այդ անջրպետն արդեն գնալով խորանում է»։

Փորձագետն ասաց, որ ՍԴ դատավորների աշխատավարձը  մոտ 1,5 միլիոն է, Վճռաբեկինը՝ մոտ 1,2 միլիոն, առաջին ատյանինը՝  350-400 հազար․ «Նման խզումները  Հայաստանում բավականին շատ են եւ  հիմնավորված չեն։ Համարժեք մոտեցում է պետք եւ հասարակության մեջ չպետք է տարանջատումն այսքան խորը լինի։ Օրինակ՝ ոլորտի նախարարը ստանում է մոտ 1,5 միլիոն աշխատավարձ,  ոլորտի աշխատողը՝ 80 հազար դրամ։  Դատական համակարգի աշխատանքի արդյունավետությանը նպաստող փորձագիտական հիմնարկների աշխատողները ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ դատավորը՝ 1,2 միլիոն»։

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝  դատական համակարգի անկախության չափանիշներից մեկն, այո, սոցիալական ապահովությունն է, այո, դատավորները ծանրաբեռնված են, բայց դա չափանիշ չէ․ «Կառավարությունը  պետք է գնա այդ արհեստական ծանրաբեռնվածության նվազեցմանը,  օրենսդրական  բարեփոխումներով ստեղծի այնպիսի իրավիճակ, որ դատավորները պարտադրված չլինեն իրենց վարույթներում ունենալ 300-600  գործեր,  ինչն անտրամաբանական է։ Որքան էլ բարձրացնեն աշխատավարձը, նրանք ֆիզիկապես չեն կարող այդ քանակ գործերի դեպքում որակ ապահովել»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930