Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանջուղազյանի նյարդերը տեղի տվեցին. «Ստիպված եմ ընդհատել, կներեք, մեր երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել»

Հունիս 10,2022 14:57

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում թեժ մթնոլորտում քննարկվում է, թե ինչքանով են կորոնավիրուսի համար պետբյուջեից արված ծախսերն 2020 թվականին արդյունավետ եղել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրեց, թե 2020-ի ապրիլից մինչեւ 2022-ի հունիսը քանի հիվանդ են բուժել կորոնավիրուսից: Խոսքը շուրջ 32 հազար մարդու մասին է: Ըստ նրա, Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը քաղաքական է. «Վերակենդանացման  բաժանմունքի մահճակալային ծանրաբեռնվածությունը, ըստ ԲԿ-ների, Մարտունու ԲԿ-ում միջինը կազմել է 73%: Այդ ժամանակ 4 ԲԿ է ներգրավված եղել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», Ինֆեկցիոնը, Արտաշատինը, Վնասվածքաբանականը ու տոկոսները եղել են հետեւյալը՝ 51%, 30%, 81% ու  85%, միջինը կազմել է 24%: Հաշվեքննության եզրակացությունից ստացվում է, որ 2020-ին, երբ որ մեր ազգաբնակչությունը եւ բոլորը տեղ էին ման գալիս, որ  վերակենդանացման բաժանմունքում հիվանդ տեղավորեն, երբ որ կառավարությունը ստրատեգիական որոշում էր կայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» 40 մահճակալային ֆոնդով վերակենդանացման բաժանմունք ստեղծել, «ոչ քաղաքական» բնույթ ունեցող հաշվեքննությունը եզրակացնում է, որ 2020-ին Հայաստանի մահճակալային ֆոնդի 72%-ը ազատ է եղել»:

Բացի այդ, նա ասաց, որ պալատը 1 բուժառուի ծախսն իրենց հիվանդանոցում հաշվարկել է 1 մլն, հաշվի չի առել, որ վերազինվել են, դեղեր են ձեռք բերել ու դա նույնպես ներառված է եղել ծախսերի մեջ, այսինքն, հիմնական միջոցների ծախսը բուժառուի բուժման համար արված ծախսի մեջ են մտցրել, ինչը սխալ է: Օրինակ, 300 մլրդ դրամով համակարգչային տոմոգրաֆիայի սարք են գնել, դրանով մոտ 20 հազար հետազոտություն են արել ու գնումը ծախսը ծածկել է արդեն: Բացի այդ, դեկտեմբերին պատրաստվել են նոր ալիքի, գնումներ են արել, այդ ծախսը բաժանել են դեկտեմբերին սպասարկված հիվանդների վրա ու ստացել, որ մեկ հիվանդի վրա մեծ ծախս է արվել:

Հովակիմյանը նաեւ ասաց, որ սխալ հաշվարկ են արել, երբ Նորքի ինֆեկցիոնում մի քանի ժամ գտնվող նմուշառում իրականացնող հիվանդի ծախսը համեմատել են ծանր դեպքով իրենց ԲԿ-ում բուժվող հիվանդի ծախսի հետ. «1 բուժառուի միջին ծախսն արհեստականորեն իջեցվել է դեպի ներքեւ ու համեմատել եք արհեստականորեն ուռճացված բարձր թվերի հետ, որը եզրահանգելի չի ու խեղաթյուրված է»:

Ջանջուղազյանի նյարդերը տեղի տվեցին. «Ստիպված եմ ընդհատել, կներեք, մեր երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել»: Ներկաները զարմացան՝ ի՞նչ է ասում ու ինչի՞ համար: Ջանջուղազյանը բացատրեց. «Կարգավորումներ են վերանայվել, որ հանրային ֆինանսով այլեւս ընկերություննե՞րն են զբաղվում, քաղաքականություն իրականացնող մարմի՞ն է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ մարդկությանը մատուցած իր ծառայությունների դիմաց»:

Արսեն Թորոսյանը տեղից արձագանքեց, թե՝ հաշվետվությանն է պատասխանում: Ջանջուղազյանը հակադարձեց. «Հաշվեքննությանը չի՛ կարող պատասխանել մի սուբյեկտ, որը օբյեկտ չի հանդիսացել հաշվեքննության: Հաշվեքննության օբյեկտը չի դադարել առողջապահության նախարարությունը լինել: Եթե առողջապահության նախարարությունն է ներկայացնում սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ուրեմն եկեք փոխենք տեղերը»:

Թորոսյանը պատասխանեց, թե՝ «թող տիկին Ավանեսյանը դարդ անի»:

Սկսվեց վիճաբանություն: Ջանջուղազյանը պատասխանեց, որ այդպես լինի, մի շարք բուժհիմնարկներ կարող էին այստեղ իրենց խոսքը ասել, դրա համար չէ՞ որ կա առողջապահության նախարարություն, որը ենթադրվում է, որ այդ քաղաքականության իրականացման պատասխանատուն է:

Անահիտ Ավանեսյանը սկսեց դժգոհել, որ ունեն հրավիրյալներ, որոնք ունեն խոսքի իրավունք. «Կխնդրեմ գնահատականներ չտալ»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն էլ հայտարարեց. «Ես ներկայացրել ու ներկայացնելու եմ առողջապահության նախարարությունը»:

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ճշտում մտցրեց. «Դուք ներկայացնում եք բժշկական հիմնարկը, առողջապահության նախարարությունը չեք ներկայացնում, եթե նախարարը լիազորել է ձեզ, դա ուրիշ հարց, բայց դուք ներկայացնում եք ԲԿ-ն»:

Ինչ վերաբերում է թվերի հաշվարկին, Ջանջուղազյանն ասաց՝ իրենք ամեն ինչ ճիշտ են հաշվել. «Ով ավելի բարձր ու արագ կասի, ստացվում է, որ ճի՞շտ է ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930