Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվեքննիչ պալատը հիմա մեղադրանքներ ունի ու առողջապահության նախարարությունը կա՛մ պետք է ինքնապաշտպանվի, կա՛մ սպառիչ պատասխաններ տա». Լուսինե Բադալյան

Հունիս 10,2022 14:49

«Այնպես չի, որ եթե լիքը մարդ գոհ է, ուրեմն ամեն ինչ արդյունավետ է եղել, կներեք, հանրային ֆինանսների ծախսումը չի ճանաչում մարդկանց գոհունակության գնահատում», – այսպես Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց ՔՊ-ականների դժգոհություններին, թե տասնյակ հազարավոր մարդիկ են բուժվել, կյանքեր են փրկվել, ինչո՞ւ դա չեք գնահատել կորոնավիրուսի ծախսերի հաշվեքննության մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում թեժ մթնոլորտում քննարկվում է, թե ինչքանով են կորոնավիրուսի համար պետբյուջեից արված ծախսերն 2020-ին արդյունավետ եղել:

Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ, աուդիտորական խմբի ղեկավար Խաչիկ Փափազյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել է առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ, արձանագրվել են 1 բուժառուի 1 համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր:

Միջամտեց ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ասելով. «Իմ կարծիքով, Հաշվեքննիչ պալատը քաղաքական գնահատական տալու համար չէ ստեղծված COVID-ի դեմ պայքարին, կոնկրետ իրավիճակին»: Նա ասաց, որ Հաշվեքննիչ պալատը հիմա մեղադրանքներ ունի, ու առողջապահության նախարարությունը կամ պետք է ինքնապաշտպանվի կամ սպառիչ պատասխաններ տա: Բադալյանը հորդորեց անդրադառնալ անհամապատասխանություններին գումարի ու մահճակալների թվի հետ կապված:

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց՝ եթե կորոնավիրուսի ծախսերի արդյունավետությունն են ուզեցել հասկանալ, ինչո՞ւ են միայն առողջապահության նախարարության աշխատանքը ուսումնասիրել:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ 5 գերատեսչությունում ուսումնասիրություն են արել, երկուսում է ավարտվել ուսումնասիրությունը, մեկը առողջապահության նախարարությունն է, ընդ որում, մեկի հետ կապված ռիսկեր են տեսել, որոնք իրավական բնույթի հետեւանքներ ենթադրող են:

Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ո՞ր մարմինների մասին է խոսքը՝ Ջանջուղազյանը թվարկեց՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունները: Թորոսյանը ճշտեց. «Իսկ վարչապետի աշխատակա՞զմը»: Հարցը մնաց օդում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930