Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես քաղաքականացնում են ԳՇ պետի պաշտոնը եւ ՊՆ երկու տեղակալների միջեւ հավասարություն դնում»․ Սեյրան Օհանյան

Հունիս 10,2022 14:35

«ԶՈՒ պատմության ընթացքում պաշտպանության նախարարների պաշտոնները եղել են քաղաքացիական պաշտոններ, բացի Վաղարշակ Հարությունյանից։ Ես նույնպես որպես նախարար եղել եմ քաղաքացիական անձ՝ հանդիսանալով քաղաքական թիմի անդամ։ 2008թ․ նախագահի ստորագրությամբ օրենքով առանձնացվեցին նախարարի եւ ԳՇ պետի պաշտոնները։ Նախարարը, որպես քաղաքական թիմի անդամ, պատասխանատու է պաշտպանական քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, ԶՈՒ համակողմանի ապահովման հարցերում, իսկ ԳՇ պետը պատասխանատու է ԶՈՒ զորային կառույցի, մարտական բոլոր ստորաբաժանումների կառավարման, մարտական խնդիրների կատարման, մարտական պատրաստության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կառավարության հաստատած օրենսդրական փաթեթին, ըստ որի՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը նախատեսվում է դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ այդ ժամանակ ԳՇ պետի պարտականություններից հանվեց նաեւ ԶՈՒ մատակարարման խնդիրը, եւ ստեղծվեց նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ․ «Այսինքն, դեպարտամենտը ԳՇ պետից ստանում էր գնումների պատվերներ եւ կազմակերպում մրցույթներ՝ ապահովելով ստորաբաժանումների մատակարարումը։ Դա կատարվեց, որովհետեւ նախարարը, լինելով քաղաքական թիմի անդամ, կարող էր նաեւ անփորձ մարդ լինել, բայց ԳՇ պետը միշտ պետք է զորային կառույց ղեկավարի։ Այս փոփոխությամբ հիմա նրանք ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում են։ Իրենց թվում է, որ այդ մեկ բառը՝ «առաջին տեղակալն» ավելացնելով, ցույց են տալիս, թե ԳՇ պետը ենթարկվում է նախարարին, սակայն չեն հասկանում, որ այդ հրամանատարական ուղղահայացը գործող օրենքով արդեն իսկ գոյություն ունի։ Այս փոփոխություններով հավասարություն են դնում նաեւ ՊՆ երկու տեղակալների միջեւ։ Մեկ՝ քաղաքական տեղակալը կարող է անփորձ լինել։ Մյուսը, փաստորեն, ԳՇ պետն է դառնում։ Երբ նախարարը բացակայում է, քաղաքական տեղակալն է անում նախարարի պարտականությունները։ Անփորձ տեղակալը դառնալու է ԳՇ պետի վրա ղեկավար»։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ ամենավտանգավոր այն է, որ ԶՈՒ հրամանատար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է եւ կարող է փորձառություն առհասարակ չունենալ․ «Իմ համար գուցե մի քիչ հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ դարձնեին զինվորական, մինչդեռ հիմա ամենաբարձր զինվորական պաշտոնը ԳՇ պետինն է։ Երբ իրենք կառավարության նիստում հայտարարում են, թե ԳՇ պետը չպետք է զբաղվի նյութատեխնիկական մատակարարմամբ, ապա չեն տիրապետում «Պաշտպանության մասին» գործող օրենքին եւ կառուցվածքին։ ԳՇ-ին իմ ղեկավարման ժամանակ իջեցվել է պատվեր, որովհետեւ ԳՇ-ում են մասնագետները, իսկ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտն անում էր այն, ինչ արդեն ասացի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930