«Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել։ Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները սովորաբար այդտեղ չեն լինում։ Հեշտ է համակարգիչների առաջ նստելն ու մեղադրանքներ հնչեցնելը։ Կրկնում եմ, որ շարժման եւ մարդկանց հանդեպ ունենք պատասխանատվություն, բայց երբեք վճռականության պակաս չենք ունեցել»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մեղադրանքներին, թե Դիմադրության շարժումը պայքարի հարցում վճռական չէ՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Պետք է եղել շրջափակել՝ արել ենք, պետք է եղել ճանապարհ բացել՝ արել ենք, բայց արկածախնդրության գնալ ու շարժումը տապալել՝ չենք անի։ Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Որքան արյուն նա թափել է՝ հերիք է։ Իսկ ինքն արյան կարոտ է։ Քառասուն օր տասնյակ հազարավոր մարդիկ եղել են փողոցում, եւ մենք իշխանությանը որեւէ անգամ լեգիտիմ իրավունք չենք տվել բռնի ուժ կիրառելու։ Նրանց համար, ովքեր ասում են, թե վճռական չենք, հիշեցնեմ, որ 2500 հոգի բերման է ենթարկվել, 48 -ը ձերբակալվել են, 31-ը կալանքի տակ է»։
Սաղաթելյանը հավելեց․ «Բազմաթիվ քրեական գործեր կան, տասնյակ քաղաքացիներ ամեն օր կանչվում են հարցաքննությունների։ Ովքե՞ր են ասում, թե մենք վճռական չենք։ Եթե վճռականությունը խառնում են արկածախնդրության հետ, ապա մենք չենք գնալու արկածախնդրության, դա շարժմանը ոչ մի բան չի տալու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ