Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմեղ դեմքով հարցնում էր, թե ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը»․ Սաղաթելյանի պատասխաններն Արարատ Միրզոյանին

Հունիս 10,2022 14:16

«Երեկ Արարատ Միրզոյանն անմեղ դեմքով հարցնում էր, թե ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը, թե այն հայտնի չէ։ Այն բազմաթիվ անգամ հնչեցրել ենք, սահմանազատման-սահմանագծման առնչությամբ մոտեցումները քանիցս ներկայացրել ենք ազգային ժողովում։ Մի անգամ էլ ասեմ՝ գտնում ենք, որ ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման-սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ, հիշեցնենք, ասել էր․ «Տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, և իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ 2021 հունվարի 11-ի և արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, և այլն․․․ որևէ խոսք՝ նշածս գործընթացները կասեցնելու, այդ գործընթացներից դուրս գալու մասին չեմ հանդիպել, ինչն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ կերպով շահարկման ճանապարհ է և առիթ: Այսքանը թերևս»։

Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքը պետք է իրականացվի այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հակառակ պարագայում սուվերեն երկիր մտնելն ու սահմանազատում պարտադրելն ուժի սպառնալիքի գործընթաց է, ոչ թե խաղաղության կամ սահմանների ճշտման գործընթաց։ Քանի որ ՀՀ-ում չկա մեր շահերը պաշտպանող իշխանություն, ունենք այն, ինչ ունենք։ Սկզբում խոսք գնաց 20-ականների քարտեզների մասին, հետո՝ 70-ականների։ Խնդիրն այն է, որ ժողովրդի թիկունքում գործընթաց կա։ Երեկ նաեւ ասվեց, թե ապաշրջափակման հետ կապված պայմանավորվածություններ կան։ Լավ, ի վերջո, մարդիկ ու քաղաքական ուժերը պե՞տք է իմանան, թե փակ դռների հետեւում սրանք ինչ են բանակցում։ Չկան հայտարարված կարմիր գծեր եւ սկզբունքներ»։

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի պնդմանը, թե քաղաքական ճգնաժամ չկա, որովհետեւ այն հանգուցալուծվել է 2021թ․ արտահերթ ընտրություններով, Իշխան Սաղաթելյանը շեշտեց․ «Եթե անցած տարի այս օրերին նրանք ասեին, որ իրենց՝ իշխանության գալու պարագայում Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, ունենալու ենք զիջումներ, որ խաղաղությունը լինելու է հայրենազրկման գնով եւ դրանից հետո ստանային քվե, այսօր կարող էին ասել, որ ունեն հանրության քվեն։ Բայց նրանք այլ բան էին ասում, խոսում Արցախի ինքնորոշման մասին, դեօկուպացիայի մասին, իսկ ընտրվելուց հետո խոսում են Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին։ Քաղաքական ճգնաժամն առկա է, այն հաղթահարելու համար ընտրությունները բավարար չեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930