Այսօր առավոտյան 10.00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանքը խափանման միջոց սահմանելու գործի քննությունը։ Սակայն նշանակված ժամին նիստերի դահլիճը դատարկ էր. ոչ դատավորը, ոչ դատախազը չէին եկել:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ցուցադրեց նիստերի դատարկ դահլիճը եւ պարզաբանեց, թե ինչ է կատարվել. «Ըստ օրենքի, դատարանը պետք է ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը՝ ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։ Այսօր այդ վերջին օրն է: Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած՝ մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ: Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն անձամբ երեկ զանգահարել է ինձ եւ տեղեկացրել է, որ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։ Ես դա ընդունել եմ պատշաճ ծանուցում, ներկայացել եմ դատական նիստի։ Շուրջ 30 րոպե սպասելուց հետո, դատարանում ունենք այս պատկերը. չկա դատավորը, որը խուսափում է արդարադատություն իրականացնել, նաեւ կենդանական վախ ունի նիստերի դահլիճ իջնելուց։ Այս դատական պատկերը թող ցույց տա, թե Տիգրան Սիմոնյան դատավորով ի՞նչ դատական համակարգ ունենք»:
Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ դատախազը հայտնել է, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, այդ պատճառով դատավորը, առանց նիստը բացելու, դատական նիստը հետաձգել է: Նա, սակայն, պարզաբանեց, որ խափանման միջոցի հարցով ոչ դատախազի, ոչ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր չէ: Իգոր Խաչատուրովն, ի դեպ, նույնպես դատարան չէր բերվել: «Դատախազի ներկա լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեմ նաեւ ես։ Սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը, վախի զգացումից ելնելով, չգիտեմ ինչ եմ արել, ինձ հետ չի կապվում, որ հայտնի նիստը հետաձգվելու մասին։ Ու այս վախկոտ դատավորն անգամ գործի նյութերը չի իջեցնում, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ են դրել գործի նյութերի մեջ»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արուսիկ Ալեքսանյանը, գործը քննել էր առանց պաշտպանական կողմի ներկայության:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
;
Հիշեցնենք, Իգոր Խաչատուրովը ձերբակալված է մայիսի 17-ից, նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 316 հոդվածի առաջին մասով՝ ընդդիմության հավաքների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ