«Հայաստանյան իրականության մեջ դատավորների աշխատավարձերի վերանայումը համակարգի բարեփոխումներում կարեւորագույն հարցերից մեկն էր։ Բայց միեւնույն ժամանակ՝ նման փոփոխություններն առանձին վերցրած չեն կարող երաշխիք հանդիսանալ, որ հիմա միանգամից կունենանք ավելի լավ աշխատող, արդյունավետ ու անկախ աշխատող դատական համակարգ, որովհետեւ այդ նպատակին հասնելու համար համալիր գործողությունների միջոցառումների անհրաժեշտություն կա՝ համակարգային, մտածված եւ օբյեկտիվ չափանիշների հիման վրա»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով նախատեսվում է բարձրացնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը՝ Վճռաբեկինը՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, ՍԴ դատավորներինը՝ 80%-ի չափով։
Այս քննարկմանը հրավիրված էին Երեւանի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Լիզա Գրիգորյանը, որը հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այսօր չի կարողացել մասնակցել, իսկ արդարադատության նախարարությունից եւ ԲԴԽ-ից մերժել են հրավերը։
Երեկ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս նախագծին։ Երեկ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է՝ կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը։
Կարդացեք նաև
Հասմիկ Հարությունյանն այսօրվա քննարկմանն ասաց՝ եթե մենք ուզում ենք ունենալ արդյունավետ եւ անկախ դատարան, պետք է պատշաճ եւ բավարար ֆինանսական միջոցներ հատկացվեն համակարգին, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման համար, այստեղ միակարծիք են ոլորտի մասնագետները։
Սակայն Հարությունյանի համար տարօրինակ եւ խնդրահարույց է այն, որ որոշումը բարձր ատյաններին է վերաբերում, այն դեպքում, երբ տարիներ շարունակ ավելի շատ քննարկվել եւ իրապես խնդրահարույց է եղել առաջին ատյանի դատավորների վարձատրության հարցը․ «Ե՛վ ծանրաբեռնվածության առումով, ե՛ւ իրենց ստացած գումարների համաչափությունը դիտարկելով՝ այստեղ կա որոշակի անհամաչափություն, գումարած նաեւ թե՝ հանրային ընկալումներում՝վստահության տեսանկյունից, ինչ վերաբերմունք կա դատավորների հանդեպ, հանրային ընկալումների տեսակետից ինչպիսի ճնշումներ կան դատական համակարգի նկատմամբ, ստեղծվում է մի իրավիճակ, որ դատավորների վարձատրությունն ու այս պահին ծանրաբեռնվածությանն ու պահանջվող աշխատանքին համահունչ չեն, եւ ակնկալվում էր, որն ի սկզբանե նախատեսված էր, դատական համակարգի բարեփոխումների ծրագրով պետք է սկսվեր ներքեւի օղակից»։
Նա նշեց, որ նախագծի որոշման տրամաբանությունը՝ ի՞նչ չափանիշներ են դրվել, ինչպե՞ս է որոշվել Վճռաբեկ դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը կամ առհասարակ կա՞ անհրաժեշտություն նման փոփոխության, տեսանելի չէ։
Անդրադառնալով նախագծի հիմնավորմանը, Հարությունյանն ասաց ՝ չկան ուսումնասիրության արդյունքներ, շեշտադրվել է, որ դատարանի կարեւոր դերը, կարեւագույն գործերով կարեւագույն դիրքորոշում հայտնելու մասին է գրված․ «Կարելի է համեմատել, ասել՝ սպանության շատ բարդ գործերով կամ բարդ հանցակազմ ունեցող գործերով առաջին ատյանի դատավորները ոչ պակաս ծանրաբեռնվածություն կամ կարեւորագույն նախադեպեր ներկայացնելու պարտավորություն ունեն»։
Փորձագետի կարծիքով՝ հիմնավորման մեջ վիճակագրական տվյալներ չկան, թե տարվա կտրվածքով որքան գործ է ներկայացվում Վճռաբեկ դատարան, հայցն ընդունելու մասով ինչ պատկեր կա, վերջնական որոշման առումով ինչ պատկեր է, եթե լինեին թվեր, հասկանալի կլիներ ծանրաբեռնվածության աստիճանը։
«Առաջին ատյանի դատավորների աշխատավարձերի չափը նույն գործակիցն ունեցող գործադիրի պաշտոնյաների հետ նույնն է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործադիրում կա պարգեւավճարների ինստիտուտ, ստացվում է՝ նախարարի տեղակալը կարող է ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան դատավորը, եւ օրենսդրական ամրագրման պարագայում՝ անհավասար վիճակում ենք դնում դատավորներին։ Նման դեպքում դատական համակարգից չենք կարող պահանջել անկախություն, արդյունավետություն՝բավարար հիմքեր չտրամադրելով»,-ասաց Հարությունյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»