Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը». ԱԺ-ում թեժ քննարկում է կորոնավիրուսի համար բյուջեից արված ծախսերի մասին

Հունիս 10,2022 13:58

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում թեժ մթնոլորտում քննարկվում է, թե ինչքանով են կորոնավիրուսի համար պետբյուջեից արված ծախսերն 2020-ին արդյունավետ եղել:

Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ, աուդիտորական խմբի ղեկավար Խաչիկ Փափազյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել են առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ, 1 պացիենտի 1 համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր:

Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն արձագանքեց, թե այնպիսի տպավորություն է՝ ամբողջ աշխարհում փայլուն է եղել, միայն Հայաստանո՞ւմ են նման խնդիրներ նկատվել. «Հարյուր հազարավոր մարդիկ են բուժվել, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել, անվճար բուժօգնություն են ստացել հազարավոր մարդիկ, դա հաշվի չի՞ առնվել այս գործընթացում, երբ համեմատություն եք իրականացրել: Այսքան բանի մեջ մի լավ բան չե՞ք տեսել»: Նա նաեւ հարցրեց՝ աշխարհում քանի՞ երկիր գիտեք, որ հունվարից աշխատանք է իրականացրել, պատրաստված է եղել համավարակին:

Ջանջուղազյանը Պապոյանին պատասխանեց. «Եկեք այն տրամաբանությամբ չառաջնորդվենք, երբ ավիավթարի մասին ասում են՝ այսքան զոհ է եղել, բայց այսքան էլ ավիաուղեւորափոխադրումներ են եղել, որոնք բարեհաջող տեղ են հասել: Այո, դուք իրավացի եք, ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը միայն այն գործոնով պայմանավորված, որ բավարար չափով հսկողություն չի իրականացվել: 152 մլն-ը 26,5 մլրդ դրամի մեջ շատ քիչ է: Իհարկե, 152 մլն դրամը մեծ կշիռ չունի, բայց ինքը փա՞ստ է, թե՞ ոչ»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վիճեց, որ հաշվետվության մեջ գրել են՝ համավարակի դեմ պատրաստվելու պատշաճ ռազմավարական պլան չի եղել: Նա պատասխանեց, որ ՀՀ-ում գերատեսչությունները ունեցել են համավարակի դեմ պայքարի իրենց պլանները, իսկ իրենց նախարարությունը հետեւել է ԱՀԿ-ի առաջին հրահանգներին ու մարտահրավերի հետ կապված եղել է մշակված գործողությունների որոշակի սխեմա. «Ցավոք, հաշվետվության մեջ որեւէ անդրադարձ պլաններին ու դրանց կատարմանը չկա»:

Ջանջուղազյանն էլ ասաց, որ եթե են ուզում Հաշվեքննիչ պալատը գործադիրի աշխատանքին գնահատական չտա, առաջիկա Սահմանադրական բարեփոխումների համատեքստում կարող են քննարկել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930