Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա, ով համակարգել է այս հաշվեքննությունը, երեւի մոլորվել է Ֆրանսիայի հրապարակում, եթե չի մոլորվել, պետք է այստեղ լիներ». Արսեն Թորոսյանի ու Ջանջուղազյանի վեճը

Հունիս 10,2022 13:42

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է, թե ինչքանով են կորոնավիրուսի համար պետբյուջեից արված ծախսերն 2020-ին արդյունավետ եղել: Հաշվեքննիչ պալատին ուսումնասիրություններ սկսելու առաջարկությունն արել էր ԱԺ կորոնավիրուսի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը:

Քննարկումը թեժ մթնոլորտում է: Հենց սկզբից, երբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը դեռ չէր ներկայացրել զեկույցը, առողջապահության նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը դժգոհեց. «Իմ համար շատ տարօրինակ է, որ պալատի այն անդամը, որը համակարգել է այս հաշվեքննությունը, այստեղ չի, չգիտեմ, երեւի մոլորվել է Ֆրանսիայի հրապարակում, եթե չի մոլորվել, պետք է այստեղ լիներ»:

Ջանջուղազյանը հակադարձեց, որ այս քննարկումը ոչ մի բանի չի բերի, եթե բուն խնդրի, առարկայի փոխարեն սկսեն քննարկել, թե ովքեր են այդ բովանդակությունը ձեւավորել. «Պալատը կոլեգիալ մարմին է ու պալատի որոշմամբ է ներկայացվել այս եզրակացությունը»: Ջանջուղազյանը նշեց, որ իրենք են որոշում, թե ԱԺ-ում ով պետք է ներկայացնի զեկույցը ու մոլորվել-չմոլորվելու հարցը թողնում է Թորոսյանին:

Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ, աուդիտորական խմբի ղեկավար Խաչիկ Փափազյանն էր ներկայացնում զեկույցը: Նա ասաց, որ ուսումնասիրել են ՊԵԿ-ից տրամադրված եկամտահարկի հաշվետվությունները. «1 պացիենտի բուժման միջին արժեքը վերապրոֆիլավորված բուժհաստատություններում կազմել է 378 հազար դրամ, դեպքով ֆինանսավորվող բժշկական հաստատություններում՝ 173,300 դրամ: Մեկ մահճակալի միջին արժեքը վերապրոֆիլավորված բուժհաստատություններում կազմել է 37,300 դրամ, դեպքով ֆինանսավորվող բժշկական հաստատություններում՝ 34 հազար դրամ: Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ նախարարությունը մի շարք դեպքերում տեղեկատվությունը բազմակի է հաշվառել, մի շարք դեպքերում ընդհանրապես չի հաշվարկել, արդյունքում հնարավոր չի եղել տալ ձեռք բերված ապրանքների քանակական եւ ֆինանսական արդյունքների վերաբերյալ համապարփակ ու ամբողջական գնահատական: Ավելին՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող բուժկենտրոններում արձանագրվել է առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ, 1 պացիենտի 1 համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր»:

Արձանագրվել է, որ այնպիսի անչափելի է տեղեկատվությունը, որ հնարավոր չէ գնահատական տալ, թե ինչքանով են կատարված ծախսերը տնտեսող եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930