«Սա այս օրերի ամենակարեւոր խնդիրներից է։ Իրականում ի՞նչ է կատարվում։ Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։ Նիկոլն ու Ալիեւը կարծես թե ունեն դավադիր համաձայնություն, որ մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե մի քանի ամիս անց Արցախի Բերձորի շրջանն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Այսինքն, դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ այն նախատեսվում է շահագործման հանձնել 2-3 ամիս հետո, եւ դա նշանակում է, որ ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, այլ հայկական գյուղեր։ Ամենակարեւորը՝ թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ գազ, էլեկտրաէներգիա։ Սա ենթադրելու է, որ ամբողջական կախման մեջ ենք գտնվելու։ Այն, որ անընդհատ ասում էինք՝ Արցախի հայաթափում, դա նկատի ունեինք։ Մենք այս մասին մասնագիտական վերլուծությամբ հանդես կգանք հաջորդ հանրահավաքում, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ դավադիր ծրագրի մասին է խոսքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ