Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ խմբագրվել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արված հայտարարությունը Փառուխի մասին:
Հիշեցնենք, Լավրովը, պատասխանելով Փառուխի վերաբերյալ լրագրողի հարցին, մասնավորապես ասել էր. «Ռուս զինվորականները դա իրենց առաջնահերթություններից են համարում, դրա մասին մեր հայ ընկերները լավ տեղեկացված են: Տեղում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ այս իրավիճակի դեէսկալացիայի առումով եւ կա ընկալում, որ նախատեսվող սահմանազատման աշխատանքներում այս հարցերը նկատի կառնվեն եւ արդեն կլուծվեն»:
Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ սղագրության մեջ ասվում է հետևյալը:
«… Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականները (մեր հայ բարեկամներն այդ մասին լավ տեղեկացված են) այն «պահում են» որպես իրենց առաջնահերթություններից մեկը: Այնտեղ «գետնի վրա» արդեն կան որոշակի արդյունքներ՝ իրավիճակի ապաէսկալացման տեսանկյունից: Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի ու Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպեր թույլ չտալուն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ Լավրովի՝ Երևանում արված հայտարարությանն արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ «սահմանազատման գործընթացը չի նախատեսում հայ-ադրբեջանական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորամիավորումը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ