Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմի օրերին իշխանությունը դիմեր ՀԱՊԿ-ին, մեր մարտունակ կորպուսները կուղղվեին Արցախ»․ պատգամավոր

Հունիս 10,2022 10:58

«Երբ 2021թ․ մայիսին եւ նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար։ Առ այս պահը անհայտ է՝ արդյոք իշխանությունը պատշա՞ճ ընթացակարգով է դիմել, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ տարբեր օղակներում քննարկման առարկա դարձե՞լ է»,-Բաղրամյան պողոտայում այսօր Դիմադրության շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

«Սա կարեւոր է ՀՀ-ի համար, որովհետեւ ՀՀ-ն ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, եւ ՀՀ տարածքը երկու անգամ ենթարկվել է ադրբեջանական ագրեսիայի։ Չկա պատասխան՝ ՀԱՊԿ-ը ստացե՞լ է ՀՀ պատշաճ գրությունը եւ քննարկել։ Բացի այդ, հաշվի առնելով, որ այսօր ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, առաջանում է եւս մեկ հարց։ ՀԱՊԿ-ում քանիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական եւ իրար վերաբերող հարցերում պետք է լինեն ներդաշնակ։ 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ երկրներ դիրքորոշում են արտահայտել, որը չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումներում»,-ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա բնորոշմամբ՝ նշյալ միջադեպերն ու հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը, չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափերում․ «Այս իշխանության տարբեր դեմքեր մինչեւ 2018թ․-ն անընդունելի էին համարում ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը, իսկ իշխանություն դառնալուց հետո քննադատում են ՀԱՊԿ-ին եւ մինչեւ հիմա պատասխան չեն տվել, թե ինչպիսին են տեսնում ՀՀ-ի շահերի ընդգրկումն այս կառույցում։ Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ը ՀՀ-ի համար այլընտրանք չունի որպես դաշինք, այլ բան է, որ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս արդյունավետ դարձնել կառույցի մեխանիզմները։ Այն երկրները, որոնք չեն իրականացնում ՀԱՊԿ որոշումները, այդ մասին պետք է անկեղծ խոսել»։

Տիգրան Աբրահամյանը նաեւ ընդգծեց՝ հենց պատերազմի օրերին ՀՀ-ն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին․ «ՀՀ-ն հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին դրա ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները, զորամիավորումներն ուղղել գլխավոր ճակատ։ Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք պատերազմի ժամանակ ՀՀ սահմանների տարբեր ուղղություններով էին տեղակայված։ ՀՀ իշխանությունն ուներ հնարավորություն ՀԱՊԿ ուժերի ներգրավմամբ մեր մարտունակ զորամիավորումներն ուղղել Արցախ, եւ այդ պարագայում մենք չէինք ունենա այն իրավիճակը, որն այսօր ունենք Արցախում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930