Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսել Պետրոսյան. Եթե մեզ մարդու տեղ չեն դրել, հո անկոչ հյո՞ւր չենք՝ գնանք-ասենք՝ եկել ենք. «Հրապարակ» 

Հունիս 10,2022 10:19

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին գործուղել էր Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն ընդդիմադիրները մերժել են հանդիպել, Մարուքյանը հանդիպել էր իշխող «Ազատ հայրենիք» եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների  ղեկավարների՝ Արթուր Հարությունյանի եւ Գագիկ Բաղունցի հետ։ Հանդիպումից հետո որեւէ մանրամասներ չեն հայտնել։

Մեզ որոշ տեղեկություններ են հասել, որ այցի նպատակն ընդդիմադիրների հետ երկխոսություն սկսելն է եղել, Մարուքյանը պետք է համոզեր, որ Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքները։ Իսկ Մարուքյանի այցից մեկ օր առաջ Արցախ էր մեկնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով երեկ դեռեւս Արցախում էր: Այս այցերն ԱՀ քաղաքական-հասարակական շրջանակներում մտահոգություն են առաջացրել, որ ինչ-որ բան այն չէ, եւ ՀՀ իշխանությունները կարեւոր գործընթացներից առաջ բանագնացներ են ուղարկել Արցախ։ Ո՛չ Հարությունյանի, ո՛չ Բաղունցի եւ ո՛չ էլ Մարուքյանի հետ խոսել չհաջողվեց, «Միասնական հայրենիք»-ի պատգամավոր Մարսել Պետրոսյանից փորձեցինք մանրամասներ ճշտել։

– Ձեզ հայտնի՞ է Նիկոլ Փաշինյանի հատուկ բանագնաց Մարուքյանի այցի նպատակը։ Ի՞նչ ուղերձ էր բերել Նիկոլ Փաշինյանից։

– Հարցի հասցեատերը ես չեմ, որովհետեւ ես չեմ մասնակցել հանդիպմանը, ընդհանրապես ոչ մի դեպուտատ էլ չի մասնակցել հանդիպմանը։ Որքան գիտեմ, հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ, խմբակցության ղեկավար․․․ ինչ էր, է՞, անունը` էն մորուքավորի․․․

– Դուք այդ կուսակցությունի՞ց չեք, Ձեզ հետաքրքի՞ր չէ, թե ինչ են խոսել, ի վերջո՝ խոսքը ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի մասին է։

– Դե, հետաքրքիրը ո՞րն է, եթե մեզ մարդու տեղ չեն դրել, մենք հո անկոչ հյուրե՞ր չենք՝ գնանք-ասենք` եկել ենք մասնակցենք։

– Ասում են՝ եկել է ասի, որ Արցախի կարգավիճակի հարցը ՀՀ իշխանությունները կարողացել են հետաձգել։

– Իբր ե՞րբ էր օրակարգում եղել, որ մի հատ էլ հետաձգեն։

– Ձեզ համար Արցախի կարգավիճակի հարցը լուծվա՞ծ է, օրակարգում չկա՞ նման հարց, այդ դեպքում ինչի՞ մասին են հայտարարում աշխարհաքաղաքական կենտրոնները։

– Ինձ նման հարցեր մի տվեք, մի բանի որ ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, իմացեք՝ լինելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում, առանց մեզ՝ արցախցիներիս, ոչ մի հարց չի լուծվելու։ Միշտ էլ տիա ըլել։

– Փաշինյանը հայտարարում էր, որ մեզ պարտադրում են նշաձող իջեցնել, իր կուսակիցներն էլ հող էին նախապատրաստում՝ ամբիոնից հայտարարելով, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

– Ժամանակին էլ Ալիեւն էր խոստովանում, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, բայց տե՞նց է եղել՝ չէ։ Պարտադրելն ուրիշ է, անելն ուրիշ է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Արցախի կարգավորման հարցը լուծվելու է Երեւանում, անկախ այն բանից՝ նախաձեռնությունը Եվրոպայի կողմից է լինելու, թե Ռուսաստանի, վերջին խոսքը պատկանում է ղարաբաղցիներին։

– Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնել է, թե ինչ է ուզում, բայց փաստ է, չէ՞, որ հարցը չի լուծվել։

– Ուզելը վտանգավոր չէ, բայց դե՝ բոլոր դեպքերում, ուզելն ընդամենը երեւակայել է։ Չի լուծվում, որովհետեւ մեր կամքը հաշվի չի առնվում։ Այդուհանդերձ, Արցախի հարցը ոչ մի տեղ էլ չի լուծվելու, առաջիկա շրջանում այդ հարցը հաստատ չի լուծվելու, փորձարկում են, ինչ-որ ուղի են փորձում գտնել, բայց չի հաջողվում, երեւի ստիպված լինեն Ղարաբաղը թողնել Աստծո կամքին, քիթները չխոթեն Ղարաբաղի գործերի մեջ, հնարավորություն տալ, որ ինքնուրույն ապրի, սենց որ նայում ենք` բոլորը Ղարաբաղից զզվել են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930