Լրահոս
Օրվա լրահոսը

Հելիկոբակտեր պիլորի. «Թաքնված թշնամի»

Հունիս 10,2022 09:00

«TV ալիք» շաբաթաթերթ․ Հելիկոբակտեր պիլորին պարույրանման մտրակավոր բակտերիա է, որը ախտահարում է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթը՝ նպաստելով բորբոքային հիվանդությունների, ընդհուպ ստամոքսի խոցի եւ քաղցկեղի առաջացմանը: Հելիկոբակտերով վարակվածություն նկատվում է մոլորակի բնակչության 70 %-ի մոտ, ինչի մասին մարդիկ երկար ժամանակ կարող են չիմանալ, եթե որոշ նպաստող գործոնների ազդեցության տակ ստամոքսի շրջանում գանգատներ չունենան:

Մի քիչ պատմություն

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի բորբոքային հիվանդությունների պատճառը նյարդային լարվածությունն է եւ կծու սնունդը: Մոտ 150 տարի առաջ գերմանացի գիտնականները մարդու ստամոքսի լորձաթաղանթում հայտնաբերեցին մանրէներ, սակայն հետազոտությունները չկարողացան շարունակել: Հետագայում տարբեր երկրների գիտնականների կողմից հետազոտությունները շարունակվեցին եւ կարծիք կազմվեց այդ մանրէների հնարավոր ազդեցության մասին՝ ստամոքսի հիվանդությունների առաջացման հարցում:

Հետազոտությունները վերջնակետին հասցրին ավստրալացի գիտնականներ Ուորենը եւ Մարշալը, որոնք կարողացան մարդկանց ստամոքսի լորձաթաղանթից անջատել այդ մանրէներին եւ հաստատել դրանց էական ազդեցությունը ստամոքսի խոցի եւ գաստրիտների առաջացման մեջ: Իսկ 1984 թ. Բարի Մարշալը կամովին խմեց իր իսկ կողմից հայտնաբերված հելիկոբակտեր պիլորի պարունակող հեղուկը եւ հիվանդացավ գաստրիտով, քանի որ երկար ժամանակ բժշկական եւ գիտական հանրույթը չէր ընդունում մանրէների դերը խոցերի եւ գաստրիտների առաջացման մեջ: 2005 թվականին այս հայտնագործության համար ավստրալացի գիտնականներն արժանացան Նոբելյան մրցանակի:

Ինչ է հելիկոբակտերիան

Հելիկոբակտեր պիլորին պարույրաձեւ բակտերիա է, որն իր վրա ունի փոքրիկ մտրակներ: Այդ մտրակների միջոցով կառչում է ստամոքսի լորձաթաղանթից եւ թափանցում ներս՝ արտազատելով թույներ: Կայուն է ամենաանբարենպաստ պայմանների, նույնիսկ ստամոքսահյութի աղաթթվի նկատմամբ: Երկար ժամանակ գիտնականները համարում էին, որ ստամոքսի միջավայրը ստերիլ է, քանի որ ստամոքսահյութի աղաթթուն ոչնչացնում է բոլոր մանրէներին եւ վիրուսներին: Հելիկոբակտերի հայտնաբերումը ժխտեց այդ միֆը: Այս փոքրիկ «գիշատիչը» աղաթթվի մեջ իրեն զգում է այնպես, ինչպես իր տանը: Բանն այն է, որ նա արտադրում է ուրեազա կոչվող ֆերմենտը, որը քայքայում է աղաթթուն, եւ մանրէն շատ հարմարավետ տեղավորվում է ստամոքսի պատերին՝ ապրելով այդտեղ երկար տարիներ եւ աստիճանաբար քայքայելով լորձաթաղանթը: Արդյունքում առաջանում է բորբոքային պրոցես, խոցային հիվանդություն: Մանրէն փոխանցվում է մարդուց մարդուն` կեղտոտ ձեռքերի, ընդհանուր հիգիենայի պարագաների, սպասքի, սերտ կոնտակտի (համբուրվել), թքի եւ խորխի, աղտոտված ջրի կամ վատ լվացված սննդամթերքի միջոցով:

Հիմնական ախտանշանները

Եթե օրգանիզմ է ներթափանցել հելիկոբակտեր պիլորի, ապա հնարավոր են հետեւյալ ախտանշանները.

v ուտելուց հետո ծանրության զգացում ստամոքսում,

v ախորժակի անկում եւ անհայտ պատճառներով քաշի կորուստ,

v ստամոքսի շրջանում ցավեր կամ դիսկոմֆորտ,

v սրտխառնոց, փսխում,

v կղանքի գույնի մգացում

v հաճախակի գխտոց, թթվահամ բերանի խոռոչում,

v փքվածության զգացում, գազերի առկայություն,

v աղիների գործունեության խանգարումներ` հաճախակի լուծ կամ փորկապություն:

Հնարավոր է, որ մարդը իր մեջ կրի հելիկոբակտերիան, սակայն իրեն անհանգստացնող ոչ մի նշան չունենա, հատկապես եթե նրա իմունիտետը բավականին բարձր է: Այս դեպքում, միեւնույն է, մարդը կարող է վարակը տարածել շրջապատում եւ որոշ գործոնների առկայության պայմաններում բակտերիան բազմանալով ստամոքսում կարող է առաջացնել խրոնիկ գաստրիտներ, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություններ, գաստրոդուոդենիտ:

Նպաստող գործոններն են.

v իմունիտետի թուլացումը,

v սթրեսային վիճակները,

v սննդի փոփոխությունները եւ չարաշահումները (ֆաստֆուդ, կծու, թթու, ապուխտեղեն), որոնք գրգռում են լորձաթաղանթները,

v ժառանգականությունը,

v ծխախոտի չարաշահումը:

Այս գործոնների ազդեցության տակ հելիկոբակտերիաները ակտիվանում են եւ սկսում են արագորեն բազմանալ:

Երբ դիմել բժշկի

Եթե ձեզ մոտ նկատում եք այրոց, սրտխառնոց, տհաճ հոտ բերանի խոռոչից, ցավի զգացողություն որովայնի վերին եւ ստորին հատվածներում, հաճախակի գլխացավեր, ալերգիկ ռեակցիաներ, ապա հարկավոր է դիմել բժշկի համապատասխան հետազոտություններ անցնելու եւ բուժում ստանալու համար: Հելիկոբակտերիոզի դեպքում երբեք չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ: Նախ դրա ախտանշանները նման են մի շարք այլ հիվանդությունների ախտանշանների, որոնք ոչ միշտ են կապված ստամոքս-աղիքային համակարգի հետ: Դեղորայքը, չափաքանակները եւ բուժման տեւողությունը ընտրում եւ նշանակում է բժիշկ-մասնագետը: Եվ երբեք չի կարելի անտեսել ձեզ անհանգստացնող գանգատները, քանի որ ժամանակին չբուժելու դեպքում, կարող են զարգանալ ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոցային հիվանդություններ, ընդհուպ՝ քաղցկեղ:

Բուժական սնունդը

Բուժման ամբողջ ընթացքում եւ դրանից հետո եւս հարկավոր է պահել բուժական սննդակարգ: Այն է.

v Սնունդը պետք է լինի կոտորակային, այսինքն` ուտել հաճախակի եւ քիչ-քիչ:

v Բացառել ճարպոտ, տապակած, կծու, սուր համերով ուտեստները, խմորեղենը, թխվածքները:

v Հրաժարվել ալկոհոլային եւ թույլ ալկոհոլ պարունակող խմիչքներից:

v Սննդակարգում բացառել մարինադները, թթվեցրած բանջարեղենը, գազավորված ըմպելիքները, ֆաստֆուդը եւ այլ վնասակար ուտեստներ:

v Բոլոր կերակուրները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի: Չի կարելի շատ տաք եւ շատ սառը սնունդ կամ ըմպելիքներ օգտագործել:

v Խուսափել կոշտ սննդից: Սնունդը չպետք է գրգռի ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթը: Խորհուրդ է տրվում օգտագործել խյուսանման կերակուրներ, տրորված կամ բլենդերով հարած:

Օրինակելի ճաշացանկ

1.Նախաճաշ.- Հերկուլեսով շիլա, մրգային կոմպոտ, կաթնաշոռ:

2.Կեսօրին.- Երիցուկով թեյ, կաթնաշոռով սուֆլե:

3.Ճաշ.– Հավի մսով ապուր ոչ յուղոտ, գոլորշու վրա պատրաստված ձկան կոտլետներ, խաշած բանջարեղեն:

4.Ետճաշիկ.– Խորոված խնձոր, մրգային կամ կաթնային կիսել:

5.Ընթրիք. Հնդկահավի միս՝ պատրաստված գոլորշու վրա, խաշած կարտոֆիլ:

6.Ուշ ընթրիք.– Մածուն կամ մասուրի եփուկ:

Կանխարգելումը

Հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ կանոն.

v Ուտելուց առաջ ձեռքերը լավ լվանալ, ինչպես նաեւ զուգարանից օգտվելուց հետո:

v Խստիվ պահպանել հիգիենայի պարագաների անհատական օգտագործումը: Օգտագործել միայն անձնական սրբիչ, օճառ, ատամի խոզանակ:

v Հրաժարվել վնասակար սովորույթներից, ոտքի վրա սնվելուց, արագ եւ չոր սննդից:

v Եթե ունեք ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ, անպայման բուժեք դրանք:

v Պահպանել բերանի խոռոչի հիգիենան, ժամանակին բուժել ատամները եւ լնդերը: Հիվանդ ատամները վարակների ներթափանցման մուտքերն են, բացի այդ հիվանդ ատամների պատճառով հնարավոր չի լինում սնունդը լավ ծամել, ինչի հետեւանքով ստամոքսի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Հակամանրէային միջոց.- Ուտելուց 1 ժամ առաջ ընդունել ակնամոմի 10 %-ոց սպիրտային թուրմ: 1 բաժակ ջրի մեջ լցնել թուրմից 10 կաթիլ:

Բազուկի հյութ.– Շատ հին եւ շատ արդյունավետ միջոց է: Բազուկի թարմ քամած հյութը ունի պարուրող, հանգստացնող, վերականգնող հատկություն: Անհրաժեշտ է բազուկից քամել հյութը, թողնել առանց կափարիչի տարայի մեջ 2 ժամ, որից հետո 1:1 հարաբերությամբ նոսրացնել ջրով եւ խմել 100-ական գրամ, սնունդ ընդունելուց առաջ:

Կտավատ.- Կտավատի սերմերի եփուկը առաջացնում է պաշտպանիչ թաղանթ ստամոքսի լորձաթաղանթում, նվազեցնում է սրտխառնոցի եւ այրոցի առաջացումը, ունի հակաբորբոքային ազդեցություն: 1 ճ/գ կտավատի սերմերի վրա լցնել 250 գրամ ջուր, եփել 5 րոպե: Թողնել մնա 3 ժամ, քամել, ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ (յուրաքանչյուր ուտելուց):

Եզան լեզու.– Ունի հակաբակտերիալ ազդեցություն: Վերցնել 2 ճ/գ չորացրած եզան լեզվի տերեւներ, վրան ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել մնա 12 ժամ, քամել: Ընդունել ուտելուց 1 ժամ անց:

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթի թիվ 22 համարում՝ 30 մայիս – 5 հունիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930