«Դատարան եմ դիմել, նոտարական գաղտնիք եմ հաղթահարում»,-արդարացել է քննիչը
Օրերս՝ հունիսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, հանրապետության դատախազ Արթուր Դավթյանին է դիմել «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը: Նա հիշեցնում է, որ մայիսի 22-ին հանցագործության մասին հաղորդումով հայտնել էր իրենց կազմակերպությանը դիմած Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 20 տան բնակչուհու խնդրի մասին:
Ալվարդ Ղարիբյանը կազմակերպությանը ահազանգել էր, որ Գեղարքունիքի պետնոտարի «հանցավոր անփույթ վերաբերմունքի» եւ իր եղբոր կողմից կատարված կեղծիքի միջոցով նա զրկվել է օրինական, հասանելիք ժառանգությունից: Եղբայրը, ըստ նրա, հոր մահվանից հետո «դարձել էր միակ ժառանգորդը Երեւանում եւ Վարդենիսի Սոթք գյուղում գտնվող ամբողջ ժառանգական գույքի նկատմամբ»:
Խ. Մարոզյանը դեռ անցյալ տարի «Առավոտում» անդրադառնալով հանցագործության մասին հաղորդմանը, նշել էր. «Դիմումատուի հայրը՝ Սարիբեկ Ղարիբյանը, մահացել է 15.02.2008թ.: Հանդիսանալով առաջին հերթի ժառանգ, հոր մահից հետո 6 ամսվա ընթացքում, 08.08.2008 թ. Ալվարդն իրեն հասանելիք ժառանգությունն ստանալու համար հայտարարություն է տվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նոտարական տարածքի նոտար Գրիգոր Սարգսյանին։ Հետագայում, տարիներ անց, պարզել է, որ ամբողջ ժառանգական գույքը՝ Երեւան, Ն. Չարբախ 7-րդ փողոցի 7-րդ նրբանցք, տուն 10 հասցեում գտնվող անշարժ գույքը ամբողջությամբ նույն նոտարական գրասենյակի նոտարի կողմից, որպես ըստ օրենքի ժառանգություն, ձեւակերպվել է եղբոր՝ Սամվել Ղարիբյանի անունով, 18.06.2013 թ. նրան տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա հունվարի 17-ին հարուցվել էր քրեական գործ, եւ այն ուղարկվել էր Վարդենիսի քննչական բաժին (քննիչ՝ Բոշյան):
Կազմակերպությունը պարբերաբար հարցնում է քննիչին, թե մեկուկես տարի է անցել, սակայն գործը ձգձգվում է, ընթացքը պարզ չէ, քննիչը պատասխանում է. «Դատարան եմ դիմել, նոտարական գաղտնիք եմ հաղթահարում»:
Խաչիկ Մարոզյանն «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց, թե նախաքննությունն իրականում անգործության է մատնված, արդարադատությունն էլ «հապաղում է»: Իսկ երբ «արդարադատությունը հապաղում է, այն չի կարող արդյունավետ համարվել»,-ասում է Խ. Մարոզյանը:
Իրավապաշտպանը Արգիշտի Քյարամյանի, Արթուր Դավթյանի ղեկավարած հիմնարկներից խնդրում է ճշտել նախաքննության անհարկի ձգձգման պատճառները, «քննիչի կողմից բերված կասկածի տեղիք տվող պատճառաբանությունները», գնահատական տալ, ավարտել նախաքննությունը, «սանձել ագրեսիան», գործն ուղարկել դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
09.06.2022