Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում դարձել եմ Pole dance-ի գաղափարի առաջին կրողը»

Հունիս 10,2022 12:30

Հարցազրույց դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնի հետ

– Դուք իսկապես հարգանքի արժանի արվեստագետ եք։ Ձեր յուրաքանչյուր բեմել կամ աշխատանք մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում արժանանում է բուռն քննարկումների, ոչ միայն հիացական արտահայտություններ են հնչում, այլեւ քննադատական։ Մենք սրան դեռ կանդրադառնանք, բայց սկսենք մեզ հասած այն տեղեկությունից, որ Աիդա Սիմոնը սկսել է հանդես գալ գիշերային ակումբներում՝ որպես մերկապարուհի։ Մի բան էլ. ստեղծագործական աշխատանքը զուգահեռում եք նաեւ ֆիթնեսի հետ, 2015թ. Հայաստանում առաջին անգամ անցկացված ֆիթնես-մրցույթում արժանացաք գլխավոր մրցանակի, այսինքն՝ ճանաչվեցիք ամենագեղեցիկ մարմին ունեցող կինը։

– Այո։ 2015-2019թթ. մասնակցել եմ ֆիթնեսի միջազգային մրցույթների եւս՝ Թբիլիսիում, Վիեննայում, Բրատիսլավայում։ 2018թ. Բրատիսլավայում կայացած մրցույթում դարձա փոխչեմպիոն, հիմա ինքս եմ մարզում սաներ, այսինքն՝ շարունակում եմ զբաղվել պրոֆեսիոնալ ֆիթնեսով, քանի որ դա անհրաժեշտ է երիտասարդներին՝ ոչ միայն գեղեցիկ, այլեւ առողջ լինելու համար։ Մենք ունենք ֆիթնես մարզիչներ, բայց թույլ տվեք առանց ավելորդ համեստության նշել, որ ես միակն եմ, ով կարող է պատրաստել Եվրոպայի մրցույթներին մասնակցելու կարող սաներ։ Նշեմ նաեւ, որ ֆիթնեսը իսկապես բարդ ոլորտ է, ծանր աշխատանք, եւ անհրաժեշտ է ունենալ համբերություն ու անսահման սեր։ Մի բանի մասին չեմ կարող չխոսել. թեեւ ֆիթնեսը մեզ մոտ երիտասարդ ոլորտ է, բայց հաճախ հայկական մենթալիտետը խոչընդոտում է խորանալ դրանում։ Իսկ աշխարհը արագ տեմպերով առաջ է գնում։ Շուտով պատրաստվում եմ մեկնել Մարոկկոյի մայրաքաղաք Մարաքեշ, որտեղ առաջին անգամ կմասնակցեմ Restart Project ծրագրին։ Տպավորիչ ասած՝ մասնակցելով այդ ծրագրին, յուրաքանչյուր ոք կարողանում է թե մարմնով, թե ուղեղով եւ թե հոգով ռեսթարթ լինել։ Հավաստիացնում եմ՝ վերադառնալուն պես ես այն կհարմարեցնեմ, կտեղայնացնեմ մեզ մոտ նույնպես։ Ախր, ռեսթարթ անելու համար մենք ունենք նաեւ հիանալի բնություն։ Տեսեք՝ պոետն իր հայտնի բանաստեղծության մեջ իզուր չի ասում «քարերի երկիր Հայաստանս», եւ այդ քարերն էլ պետք է ճիշտ «օգտագործել», դրանից վերցնել, ստանալ էներգիա։ Այս ծրագիրը, ինչ խոսք, այն մարդկանց համար է, որոնք զբաղվում են իրենց ներաշխարհը բացահայտելով, փնտրելով ավելին ու ավելին, քան սոցիալական կաղապարներում պարփակվելը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը հնարավորություն կտա բացել կյանքը վայելելու այնպիսի հնարավորություններ, որոնց գուցեեւ ծանոթ չենք։

Հիմա անդրադառնամ ձեզ հասած տեղեկությանը. ես գիշերային կամ ստրիպ ակումբներին, ինչպես նաեւ մերկապար ցուցադրելուն դեմ չեմ, բայց, իմ համոզմամբ՝ մերկապարը բիզնես է, ինչի հետ ես կապ չունեմ։ Պարզապես Հայաստանում դարձել եմ առաջին կրողը Pole dance-ի գաղափարի։ Ընդ որում, հաճախ սխալմամբ այն շփոթում են ստրիպտիզի հետ։ Ի տարբերություն մերկապարի՝ այստեղ մերկանալ չկա, օգտագործվում են նույնիսկ ակրոբատիկայի որոշ տարրեր։ Այո, հաճախ են շփոթում այն ստրիպտիզի հետ, քանի որ էրոտիկ այս պարի տեսակը ներկայացվում է մեկ կամ երկու ձողերի վրա, համատեղելով ոչ միայն ակրոբատիկայի տարրեր, այլեւ խորեոգրաֆիայի ու մարմնամարզության։ Այս պարի տեսակը հաճախ անվանում են անգլիական բեւեռային պար, քանի որ այն ծնունդով Մեծ Բրիտանիայից է։

– Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում բալետմայստերի որակավորում ստանալուց հետո վերադարձաք հայրենիք եւ 2013-ից սկսվեց ձեր հայաստանյան գործունեությունը. Համազգային թատրոնում՝ ըստ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործության, ներկայացրիք «LUItima Cena», այնուհետեւ տիկնիկային թատրոնում՝ «PRO Շամիրամ» պարային պլասիկ ներկայացումները, որոնք լավ իմաստով մեծ աղմուկ հանեցին, բարձր գնահատականի արժանացան մասնագետների կողմից։ Իսկ քովիդից առաջ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Blac Box էքսպերիմենտալ դահլիճում հույն գրող Նիքոս Կազանձաքիսի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» հայտնի վեպի հիման վրա լատվիացի կոմպոզիտոր Պետերիս Վասքսի երաժշտությամբ ձեր ռեժիսուրայով պարային պլաստիկ ներկայացումը պարզապես սկանդալային որակվեց…

– Դա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի գաղափարն էր «Սոմա» նախագծի շրջանակներում։ Բացի ինձնից, այդ երեկո ներկայացվեցին իմ գործընկեր բալետմայստերներ Ռիմա Պիպոյանի եւ Արա Ասատուրյանի պարային պլաստիկ ներկայացումները նույնպես։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, այն որակվեց սկանդալային, բայց սկանդալային է որակվել նախ Կազանդաքիսի այդ վեպը, հետո՝ արմատներով իտալացի` ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սքորսեզեի նույնանուն ֆիլմը, որը 1988-ին արժանացավ «Օսկարի»։ Թեեւ ես սկանդալային ոչինչ չեմ տեսնում, պարզապես այդ վեպում, ինչպես նաեւ իմ ռեժիսուրայով ներկայացման մեջ Հիսուսը առաջին հերթին ներկայացված է այլ տեսանկյունից՝ լուսավոր ու սիրով լի մարդ, որը սեր է քարոզում… Մինչ փորձերը սկսելը, ես ընտրեցի տարբեր թատրոնների դերասանների ու ինձ համար պարզեցի, որ նրանք, ինչպես ընդունված է ասել՝ բավականին «փակ» են եւ հայկական մենթալիտետից ու ստեղծված կարծրատիպերից չեն կարողանում ազատվել։ Ասածս վերաբերում է հենց Հիսուսի դերակատարին։ Պատկերացնո՞ւմ եք՝ երիտասարդները մտածում էին իրենց կքննադատեն, հավանաբար դռներ կփակվեն իրենց առջեւ… Պրեմիերայից առաջ, վերջին պահին երբ պարուհիներից մեկը հրաժարվեց դերապարից, ինձ այլ ելք չէր մնում, քան ինքս ներկայացնել այն։ Դա եղավ մեծ դաս, որ ես քաստինգի ժամանակ հաշվի առնեմ նաեւ դերասանի աշխարհայացքը, նրա մտածելակերպը։

Հիմա, իհարկե առանց փակագծեր բացելու, տեղեկացնեմ, որ ձեռնամուխ եմ եղել իմ սցենարով մի պլաստիկ ներկայացման իրականացմանը, որի համար ընտրել եմ շտամպներից դուրս երկու հրաշք դերասանի։ Նախատեսել եմ այն ներկայացնել Եվրոպայում, քանի որ այս անգամ ներկայացումը կհամարեն ոչ թե սկանդալային, այլ ավելի քան սկանդալային՝ մերժողական։ Երաժշտության հարցում համագործակցում եմ երաժշտական խմբագրի հետ, ընտրել ենք տարբեր ազգերի երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

– Գուցե մեկ-երկու նախադասությամբ, այնուամենայնիվ, «ուրվագծեք» ձեր խոսքերով՝ մերժողական սցենարը։

– Այն մարդու կռիվն է ներքին «ես»-ի հետ, որը գալիս է դեռեւս մանկության տարիներին ձեռք բերած ինչ-ինչ խնդիրներից, ավելի ճիշտ՝ տրավմաներից։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,
09.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930