Ջուլյա Գարներին, որ հայտնի է «Օզարկ» եւ «Հայտնագործելով Աննային» սերիալներից, Variety-ի տեղեկություններով՝ առաջարկվել է խաղալ «Գրեմիակիր» երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ Մադոննայի դերը: Ֆիլմի հեղինակները տեւական ժամանակ դիտարկել են Գարների թեկնածությունը, որովհետեւ իրենց նախագծին անհրաժեշտ է այնպիսի արտիստ, որը կլինի փորձառու երգչուհի եւ լավ պարել կիմանա:
Ըստ պարբերականի, դերասանուհին դեռ չի արձագանքել առաջարկին, բայց ամենայն հավանականությամբ կտա իր համաձայնությունը: Թեկնածուների թիվում են նաեւ Ֆլորենս Պյուն, Ալեքս Դեմին, Բիբի Ռեքսան:
Ֆիլմը նկարահանում է անձամբ Մադոննան, սցենարի համար պայքարել են մի քանի ստուդիաներ, ի վերջո դրանով զբաղվելու նախապատվությունը տրվել է Universal Pictures-ին, իսկ պրոդյուսերն է Էմի Պասկալը: Նկարահանման աշխատանքները սկսելու ամսաթիվը դեռ հայտնի չէ: Մադոննան ասել է, որ հույս ունի փոխանցել յուրահատուկ «ճանապարհորդություն», որտեղ նրան մղել է կյանքը իբրեւ այս աշխարհը ճեղքող նկարիչ, երաժիշտ եւ պարուհի: Մադոննան ասել է, որ ֆիլմի գլխավոր «հերոսը» երաժշտությունն է լինելու: «Կան այնքան չպատմված եւ ոգեւորող պատմություններ, որոնք ինձանից լավ էլ ով կարող է պատմել»,-ասել է Մադոննան:
«Առավոտ» օրաթերթ,
09.06.2022