Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ պահեստի փոխգնդապետը միայնակ չէր դիմել վարչական դատարան

Հունիս 10,2022 13:30

Վարչական դատարան ներկայացված հանրային գործերով որպես պատասխանող ֆիզիկական անձինք հանդես գալ չեն կարող

ՊՆ պահեստի փոխգնդապետ Սեմյոն Բաբայանը մարտի 17-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից փաստաթղթավարի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին եւ ըստ նրա՝ մրցույթի ընթացքում իր համակարգչից ջնջվել կամ ոչնչացվել է թվով 12 պատասխան, որից 10-ը՝ կոմպետենցիաներից, իսկ 2-ը՝ մասնագիտական հարցերից: Դիմել է իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար: Կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գրիգորյանի որոշմամբ մրցույթին «մասնակցած» համակարգիչը նախաքննության ընթացքում առգրավվել էր՝ դատահամակարգչատեխնիկական փորձաքննության նշանակվելու համար, նա ճանաչվել էր տուժող: Քրեական գործ հարուցելը մերժվել էր: Բողոքով դիմել էր դատարան: Սեմյոն Բաբայանն «Առավոտին» ասաց, որ դատավոր Կարեն Բիշարյանի դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հանցագործության վերաբերյալ: Հունիսի երկուսին նա նշանակված ժամին գնացել է դատարան, սակայն դատավորը զինվորների ծնողների գործով է զբաղված եղել, եւ իր նիստը տեղի չի ունեցել:

Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի որոշմամբ, ՊՆ պահեստի փոխգնդապետ Սեմյոն Բաբայանի եւ մրցույթի մասնակից Հայկ Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

Սեմյոն Բաբայանը այս անգամ մենակ չէ, եւ մրցույթի մասնակից Հայկ Ղազարյանի հետ մայիսի 18-ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Ն. Մելքումյանի եւ գլխավոր քարտուղարի տեղակալ Գեւորգ Ալեքսանյանի, կադրերի բաժնի նախկին պետ Հերիքնազ Աղայանի՝ խնդրելով «ճանաչել ընդունված որոշումները ու գործողությունները ոչ իրավաչափ, իսկ շահագրգիռ մարմիններինը` անգործության դրսեւորումներով, վերականգնել մեր խախտված իրավունքները»: Կողմը հայցադիմումում գրել էր. «ԲՏԱ-ի նշյալ անձանց կողմից ոտնահարվել են մեր իրավունքները, նրանք դրսեւորել են անգործություն, պաշտոնական դիրքը չարաշահելով՝ մրցույթի երկրորդ փուլի ընթացքում վիրավորել են, խաղացել մեր ինքնասիրության հետ, իսկ վարչապետի ՔԾԳ գրասենյակը նրանց դիմելուց հետո, ցուցաբերել է անգործություն, դրանով նպաստել են, որպեսզի «հղփանան» կարգազանցները: Ոտնահարվել են մեր սահմանադրական իրավունքները, դիմել ենք իրավապահ համակարգին: Տվյալ մարմնի աշխատակիցների ոչ «թափանցիկ» գործունեության արդյունքում զրկված ենք եղել դիմել այլ ատյաններ՝ մրցույթի արդյունքները վիճարկելու համար, ինչի արդյունքում որոշ փաստաթղթեր, ապացույցներ չենք կարող կցել հայցադիմումին»: Նրանք խնդրել են՝ որպես երրորդ կողմ ներգրավել ՔԾԳ-ին եւ ոստիկանությանը, կատարված որոշումները ճանաչել ոչ իրավաչափ, վերականգնել իրենց՝ մրցույթի մասնակիցների խախտված իրավունքները: Ի դեպ, 2021թ. հուլիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Ռ.Հարությունյանի որոշմամբ, Սեմյոն Բաբայանը ճանաչվել էր տուժող: Ս. Բաբայանը մարտի 17-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից փաստաթղթավարի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին եւ ըստ նրա՝ մրցույթի ընթացքում իր համակարգչից ջնջվել կամ ոչնչացվել են պատասխանները, նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել էր նախաքննության:

Ըստ վարչական դատարանի՝ հայցադիմումը չի բովանդակում այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորների պահանջը, այդ պահանջը հիմնավորող փաստարկները: Հայցադիմումում պետք է նշվեր հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան եւ որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Ըստ դատարանի, հայցադիմումի վերջին պարբերությամբ հայցվորները նշել են. «Պահանջում եմ ճանաչել ընդունված որոշումները ու գործողությունները ոչ իրավաչափ, իսկ շահագրգիռ մարմիններինը` անգործության դրսեւորումներով, վերականգնել մեր խախտված իրավունքները», հետեւաբար, պարզ չէ, թե Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ինչպիսի պահանջ է ներկայացված, որ հայցատեսակի շրջանակներում, ինչն անհրաժեշտ է դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից: Պետական տուրքի չափը, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ Ըստ դատարանի, հայցադիմումին կից չի ներկայացվել սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ չվճարված պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն: Հայցվորները որպես պատասխանողներ են նշել ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղար Ն. Մելքումյանին եւ գլխավոր քարտուղարի տեղակալ Գեւորգ Ալեքսանյանին, կադրերի բաժնի նախկին պետ Հերիքնազ Աղայանին: Դատարանն արձանագրել էր, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերով որպես պատասխանող ֆիզիկական անձինք հանդես գալ չեն կարող, այդ հայցը պետք է ուղղված լինի այն վարչական մարմնի դեմ, ում հանրային իշխանական լիազորությունների իրականացման առնչությամբ ծագել է տվյալ վեճը:

Որոշմամբ, դատարանը փաստել էր՝ վարչական դատավարությունում անձն ազատ չէ ընտրելու, թե ինչ հայցապահանջ ներկայացնել, այն պետք է լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված, այլ պարագայում` կլինի վարչական դատարանին ոչ ընդդատյա։ Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված կհամարվի սկզբնական ներկայացման օրը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
09.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930