Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն լեզուն գո՞ւյք է պարտքի դիմաց. օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարողները լռում են

Հունիս 09,2022 23:43

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, նախատեսում են նաեւ ավելացվել քվոտաները Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը ռուսական ԲՈՒՀ-երում:

Թեման բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ սոցցանցերում: Որոշ օգտատերեր դրական են գնահատել ռուսական դպրոցների թվի հնարավոր ավելացումը, մի մասը դա կարեւորել է՝ պատճառաբանելով, որ տաքսու վարորդները Հայաստան այցելած ռուսների հետ չեն կարողանում իրենց լեզվով խոսել, ոմանք էլ կարեւորել են սրճարաններում եւ ընդհանրապես սպասարկման ոլորտի հաստատություններում ռուսերենի դերը: Կան նաեւ տեսակետներ, որ դա արվում է մեր երկիր տեղափոխված ազգությամբ ռուսների, մասնավորապես զինվորականների ընտանիքների համար: Սրանք, իհարկե, հիմնավոր փաստարկներ չեն:

Հայաստանի անկախացումից հետո նախկին ռուսական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ պետք է սովորեն ազգությամբ ռուսների երեխաները, սակայն, գաղտնիք չէ, որ ազգությամբ հայ շատ ծնողներ հասցրել են իրենց զավակներին խցկել ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Ընդ որում, ըստ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում տեղ գտած տվյալների, պարզ երեւում է, թե ինչպես են արագ սպառվում տեղերը նույն դպրոցների ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, իսկ հայկական դասարաններում մնում թափուր՝ անգամ օգոստոսի վերջին օրերին:

Միշտ էլ եղել է մտավախություն, որ օտար լեզվով կրթությունը իրականացվելու է առանց այն էլ հալածված մայրենիի հաշվին: Փաստ է, որ այսօր ամենամեծ թվով դիմորդները օտար լեզվից են քննություն հանձնողներն են, այս տարի նրանց թիվը 5587 է՝ անցյալ տարվա 4189-ի փոխարեն: Ըստ ԳԹԿ փոխտնօրենի, անգլերեն հանձնողների մեծամասնությունն ավելի բարձր միավորներ է ստանում, քան մյուս առարկաներից քննություն հանձնողները: Եվ սա ամենեւին էլ ուրախալի փաստ չէ:

Հետաքրքիր է, որ «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամները 2010-ին համարում էին, որ օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի եւ անկախ պետականության նկատմամբ, հայտարարում էին, որ լեզուն գույք չէ՝ պարտքի դիմաց: Այժմ նրանք պաշտոններ ունեն կամ օգտվում են իշխանության ընձեռած հարմարավետությունից, դրա համար էլ լռում են: Նրանց թվում է ԿԳՄՍ նախկին նախարար եւ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նախկին ԿԳՄՍ նախարարը, երբ 2017-ին դեռ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր, այն ժամանակ կարծում էր, որ ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը պետք է դիտարկել որպես աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի հրահանգ, քանի որ հայեցակարգում կան սողանցքներ եւ դրանք հետեւողականորեն օգտագործվում են ռուս պաշտոնյաների կողմից, իսկ այսօր նա, թերեւս, կիսում է ռուսական դպրոցների ավելացման վերաբերյալ Լավրովի կարծիքը, որը ՌԴ ԱԳ նախարարը իբրեւ շնորհ է ներկայացնում՝ ուղղված հայկական կողմի ցանկության բավարարմանը:

Լեզուն մտածողություն է, մարդու ինքնության վկայականը, եւ լեզվական տարածքների հանձնումն ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական տարածքներինը: Աշխարհագրական տարածքները գուցե աշխարհաքաղաքական բարենպաստ զարգացումների համատեքստում վերականգնվեն ինչ-որ ժամանակ, թեկուզ մասնակիորեն, իսկ մայրենիով իր հայրենիքում չխոսող թեկուզ յան ազգանունով հայը արդյոք հա՞յ է համարվելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930