«Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ այն ահռելի աջակցությունը՝ ռազմատեխնիկակական, որը մեր երկիրը ստանում էր ՌԴ-ից մինչև 2018-ը, սրանց՝ իշխանության գալուց հետո դադարեց։ Նաև ևս մեկ անգամ պնդեցինք՝ մենք մեր դաշնակից երկրից ակնկալում ենք բացառապես այն, ինչի մասին պայմանավորվել ենք»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղղված՝ իրենց ուղերձներին։
Նա վստահեցրեց Արցախը չի կարող լինել մանրադրամ համաշխարհային աշխարհաքաղաքական խաղերում ու շեշտեց․ «Արցախը մանրադրամ չէ, այլ հայրենիք է։ Այն մարդամեկը՝ ծախսու լրագրողի պես գնում է Բրյուսելից բողոքում Մոսկվայում, Մոսկվայից բամբասում է Բրյուսելում։ Այդպես արտաքին քաղաքականություն չեն վարում։ Մենք հասել ենք մի կետի, որ ՀՀ-ի իշխանությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում Հայոց ցեղասպանության ճանաչումից չեն խոսում, իսկ ԵՄ խորհրդարանն իր զեկույցում ներառել է կարևորությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրք ժողովուրդների միջև կարգավորման գործընթացի համադրման։ Հասել ենք այն կետին, որ ամբողջ աշխարհն ընդունեց, որ պատերազմի ընթացքում Թուրքիան ամեն կերպ ներգրավված է եղել, ուղարկել է վարձկաններ այս շրջան, ու սրանք դա չկարողացան կապիտալիզացնել, քանի որ սրանք դրանով չեն հետաքրքրվում։ Մի դեսպան ունեն ԱՄՆ-ում։ Պատերազմից մի քանի ամիս առաջ ինքը բացառում էր Թուրքիայի ներգրավումը ռազմական գործողություններին։ Սա է սրանց հեռատեսությունը»։
Խոսելով ՀՀ-ՌԴ ԱԳ նախարարների ճեպազրույցի մասին՝ Հայկ Մամիջանյան ասաց․ «Արարատ Միրզոյանը Երևանում՝ ՀՀ մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ դրսում ինչ է խոսում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ