Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենիքը խնամելու զգացողությունը չունեցողն, ինձ համար նույնն են, ինչ հիվանդ մորը չխնամող զավակը. Լեւոն Գալստյան

Հունիս 09,2022 21:12

Ֆրանսիայի հրապարակում այսօր կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքում ելույթ ունեցավ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը: «Թող իմանան բոլորը, որ մտքի, ստեղծագործության մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ամեն ինչ շատ լավ գիտե, նա կանգնած է շարժման կողքին, պահանջը հստակ է եւ վերջ»,- ասաց բանախոսը՝ առաջարկելով՝ ուշադրություն չդարձնել այն «ծիծաղելի բաներին, որոնք ասում են, գրում են»: Նա նկատի ուներ ընդդիմադիր շարժումը մարելու մասին իշխանական գործիչների հայտարարությունները:

«Հայրենիքի ընկալում չունեցող մարդիկ, որոնք կանգնած են հայրենիքի կորստի առաջ այսօր, թող իմանան մի բան՝ հայրենիքը աստվածային արժեք է, հոգեւոր ամենաբարձր երեւույթը բանական մարդու համար: Երբ մենք աչք ենք բացում եւ աշխարհ ենք գալիս, մեզ շնորհված է մի տարածք, մի բնաշխարհ, որն անձեռակերտ է եւ մենք առաքելություն ունենք այդ հայրենիքը պահպանելու, ինչպես պահպանում եւ գուրգուրում ենք մեր հարազատ ծնողներին, մեր մայրերին: Այն մարդիկ, ովքեր այդ զգացողությունը չունեն, ինձ համար նույնն են, ինչ հիվանդ մորը չխնամող զավակը»,- ասաց Լեւոն Գալստյանը՝ հավելելով, որ տպավորություն ունի, թե որոշ բաներ հավելյալ բացատրության կարիք ունեն:

Իր բնութագրմամբ, մեր չքնաղ հայրենիքը նաեւ հատուկ տեղ եւ հատուկ առաքելություն ունի ամբողջ աշխարհում. «Հենց այստեղ՝ Հայաստան աշխարհում է վճռվում, ընդհանրապես աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը: Դա գիտեն եւ աշխարհաքաղաքականություն իմացող մարդիկ, գիտեն ամբողջ աշխարհում քաղաքական գործիչները, եւ, կարեւորը, որ դա գիտակցենք մենք: Այնպես որ, մեր հայրենիքը փրկելով, պահպանելով, մենք փրկելու ենք ամբողջ մարդկությանը»:

Լեւոն Գալստյանին մտահոգում է այն պառակտումը, որ կա ժողովրդի միջեւ: Ժողովրդի այն մասը, որը չի միացել շարժմանը, այլ կերպ են մտածում, «նրանք էլ են մերոնք. նրանք չկա, նույնիս չեմ ուզում ասել՝ նրանք»:

Իր գնահատմամբ, մենք ժամանակի եւ տարածության մեջ կորցրել ենք կոորդինատները, մեզ տրոհել են տարբեր խմբերի եւ կամա թե ակամա իրար քննադատում ենք, պիտակավորում, բայց որ միասնության կգանք, նա կասկած չունի. միայն, այլ կերպ մտածողներին հորդորում է՝ գտնել սեփական ես-ը. «Անհատական հայը հանճարեղ է, երբ հայերը հավաքվում են միասին, դառնում են մի քիչ միամիտ. ես շատ կուզենայի, որ մեր հավաքականությունը, մեր ժողովուրդն, ընդհանրապես, անհատական հայի սկզբունքով առաջնորդվեր: Ամեն հայ մարդ իր ընտանիքի պաշտպանն է, զինվորը, հետեւաբար, ունենք հրաշալի, ուժեղ, մեծ հնարավորություն՝ հայրենիք պաշտպանելու: Բոլոր չափանիշներով մենք կարող ենք կերտել այդ մեծ հավաքականությունը, ուրեմն, հայությունը թող օրինակ վերցնի հայ անհատից»:

Նա կասկած չունի, որ 10 միլիոն հայությունը միավորվելու է եւ կազմելու է հայկական աշխարհ, իսկ «Դիմադրության» շարժումը շատ կարեւոր շարժում է համարում, որը անպայման պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930