Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկման օրակարգն ընդգրկում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 30 տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային համագործակցության որակապես նոր մակարդակի, որն առանձնանում է ամենաբարձր և բարձր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձ են կատարել տարաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի առանցքային դերը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության առանցքային նշանակությունը՝ ինչպես սադրանքների կանխման և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, այնպես էլ՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի մերձակայքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի կողմից խախտված ստատուս-քվոն կվերականգնվի։
Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել ՌԴ միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Ռուսաստանի հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանի անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրն առավոտյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԳՆ