«Մենք այսօր հերթական անգամ միջազգային ամենաբարձր մակարդակով գտնվող հյուրի դեպքում ֆիքսել ենք, որ այսօրվա իշխանությունները լեգիտիմ չեն, ժողովրդին չեն ներկայացնում»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա վստահեցրեց՝ քանի որ ներկա իշխանությունը չի ներկայացնում ժողովրդին, նրանք ինչ թուղթ էլ ստորագրեն, դա իրավաբանական ուժ չունի։ Հետո էլ նկատեց՝ գործ ունենք քաղաքական ճգնաժամի հետ ու նշեց․ «Դա հաղթահարման մեկ բանաձև, լուծում ունի՝ առանց Նիկոլ Հայաստան»։
Նա հիշեցրեց՝ ամիսներ առաջ խոսում էինք, որ այս իշխանությունները, երբ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների մասին, հերթական զիջման են գնալու․ առանց նախապայմանների դա չի լինելու ու շարունակեց․ «Ասում էին՝ չկա նման բան, առանց նախապայմանների է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ եթե այդքան մասնագետ, փորձագետ կարողացել էին այդ ժամանակ ֆիքսել, որ դա այդպես չէ, իրականում նախապայմաններ կան, օրվա իշխանություններն էլ գիտեին այդ մասին, այսօր արդեն ընդունում են։ Հերթական փուչիկը, սուտը էլի բացահայտվեց։ Ու այդպես բոլոր ստերը հատ-հատ բացահայտվելու են, քանի որ չի կարող լինել իշխանություն, որը սուտ է ասում իր ժողովրդին, որ խոստում է տալիս, արժանապատիվ կյանքի, բայց դրա փոխարեն բերում է անվտանգային, տնտեսական, սոցիալական աղետ։ Նման իշխանությունները պետք է հեռացվեն»։
Ըստ Արամ Վարդևանյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը անվտանգության առումով վտանգավոր է ու նշեց․ «Նիկոլ Փաշինյանի մնալը հավասար է պատերազմի, իրեն հեռացնելը՝ խաղաղության»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ