ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտվում է Արցախի Հանրապետությունում:
Այցի շրջանակում Արթուր Դավթյանը այցելել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում, որտեղ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:
Հայկական երկու պետությունների գլխավոր դատախազները հանդիպել են Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամներին: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առաջացած նոր իրողությունների և մարտահրավերների պայմաններում երկու դատախազական կառույցների միջև փոխգործակցության ներդաշնակեցմանը, քրեական հետապնդման մարմինների գործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Դավթյանը հետաքրքրվել է ստեղծված նոր իրավիճակում Արցախի դատախազության բնականոն գործունեության ապահովման, մասնագիտական կարողությունների զարգացման և այլ կարիքներից, այդ ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազության ակնկալվող աջակցությունից:
Նա վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպատելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը՝ ելակետ ունենալով օրինականության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ներքին անվտանգության ապահովման հենքին Արցախում բնականոն հանրային կյանքի երաշխավորման առաջնահերթությունը:
Կարդացեք նաև
Հայաստանի և Արցախի գլխավոր դատախազներն արժևորել են դատախազական համակարգերի միջև ավանդական փոխվստահության բարձր մակարդակը: Նրանք ընդգծել են հատկապես քրեական վարույթների շրջանակներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կայուն գործարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների իրավասու մարմիններում քննվում են այնպիսի գործեր, որոնց փաստական հանգամանքները միմյանց փոխկապակցված կամ վերաբերելի են: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերին, որոնց շրջանակում հանգամանքների լիարժեք պարզումն ու իրավական գնահատականներ տալը երկուստեք համարվում է բացարձակ առաջնային խնդիր:
Քննարկվել են նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին