Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի տեղեկացմամբ, այս տարի մարզի ավագ դպրոցներն ավարտում են 1689, հիմնական դպրոցները՝ 2890 աշակերտներ։
Թե ինչ առաջադիմությամբ են ավարտում, մարզպետարանի պաշտոնյան պարզաբանում է․ «Վերջնական թվային տվյալներ այս պահին չենք կարող հրապարակել, քանի որ կիսամյակային և տարեկան գնահատականների վերջնական ամփոփումները, նաև ավարտական քննությունների, ամսվա վերջ նոր կունենանք։ Սակայն մոտավորապես կարող եմ ասել, որ շնորհակալագրերի ու գովասանագրերի պատվեր Շիրակի մարզի աշակերտների համար` գերազանցությամբ ավարտելու առիթով, մոտ 6000 է, բայց կարմիր վկայականներ ստացողների վերջնական թիվը մի քանի օրից հայտնի կլինի»։
Հարցին՝ շրջանավարտներից քանի՞սն են փորձում բարձրագույն կրթություն ստանալ և որտե՞ղ են շարունակում ուսումը՝ Գյումրու բուհերո՞ւմ, թե՞ այլ տեղանքներում, Հրայր Կարապետյանը պատասխանեց․ «Հստակ թիվ կարող եմ ֆիքսել․ միասնական քննությունների մասնակիցները 12-րդ դասարանի շրջանում 849 են, այսինքն` մոտ 50 տոկոս, մի փոքր ավել։ Այդքանը դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, բայց թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունը, մենք թվային տվյալներ չենք կարող ունենալ։ Քննությունների ավարտից գնահատման և թեստավորման կենտրոնում կունենան տվյալները»։
Ըստ պաշտոնյայի, բուհ դիմողների մեջ բավական մեծ թիվ են կազմում գյուղական բնակավայրերի շրջանավարտները։ Միասնական քննություններին մասնակցող 849 հոգու 50 տոկոսը գյուղական բնակավայրերից են։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի 15 դպրոցներ այս տարի ունեցել են 1-2 շրջանավարտներ։ Սակավաթիվ աշակերտներով հատկապես աչքի են ընկել Ամասիայի ու Աշոցքի գյուղական համայնքները։
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սոցիալապես ապահով գյուղերից, որտեղ մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվում, նույնիսկ Գյումրիից աշխատողներ են տանում՝ գյուղերում աշխատելու, երեխաներին բերում են Գյումրու դպրոցներ՝ գյուղական դպրոցի համար թվաքանակի առումով խնդիր ստեղծելով, Հրայր Կարապետյանը պատասխանում է․ «Ցավով պիտի նշեմ․ գյուղական բնակավայրերում մի տենդենց կա, նկատվում է, որ սոցիալապես ապահոված ընտանիքների երեխաները հաճախում են դպրոցներ քաղաքներում, սակայն ընտանիքը մնում է գյուղում։ Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, գուցե ժամանակակից մոտեցում է կամ այլ միջավայրում են փորձում երեխաներին կրթության իրավունք ստանալը ընձեռել։
Այս միտումը նկատվում է ոչ միայն քաղաքին մոտ գյուղական համայնքներում, այլ հեռավոր գյուղերում, շատերը կան, որոնք իրենց անասնապահությամբ կամ հողագործությամբ են զբաղվում, աշխատում են, ապահովում են իրենց լավ ապրելակերպը, բայց երեխաներին փորձում են տեղափոխել քաղաքներ, հատկապես Գյումրի՝ կրթություն ստանալու։ Երևի մտավախություն ունեն, որ գյուղերում նույն կրթությունը չեն ապահովում, այն ինչ կարող են անել Գյումրիում, բայց մեր օլիմպիականների մեջ մեծ թիվ են կազմում գյուղական դպրոցների աշակերտները, նաև գովասանագրերով, առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով։
Այսինքն` այն մոտեցումը, որ գյուղական դպրոցների որակն ավելի ցածր կլինի, քան քաղաքներում, այդպես չէ; Այստեղ կա ծնողների վերաբերմունքի հարցը, որոնք երևի թե մտածում են երեխաները ընտելանան այն միջավայրին, որտեղ հետագայում պիտի բարձրագույն ուսումնական հաստատություն դիմեն։
Ընտանիքներով չեն տեղափոխվում, ընտանիքը մնում է գյուղում, ծնողներից մեկը երեխաների հետ տեղափոխվում է քաղաք․ ժամանակ առ ժամանակ կապը պահելով գյուղերի հետ»։
Ամասիայի ամենահեռավոր գյուղի՝ Շաղիկի նոր վերանորոգված դպրոցը, որը սեպտեմբերից փակման վտանգի տակ էր, քանի որ դպրոցի միակ աշակերտին ծնողները տեղափոխել էին Գյումրի, այսպես ասած փրկվեց, երբ մի ընտանիք տեղափոխվեց այս գյուղ՝ երեք երեխաներին ուղարկելով դպրոց։
«Գիտեք երեխաների ժամանակավոր հաճախումը կամ այլ բնակավայրերից տեղափոխումը դպրոցի խնդիրը չի լուծում, պիտի բարձրանա ծնելիության մակարդակը տվյալ գյուղում։
Մենք պիտի հաշվի առնենք հաջորդող տարիներին քանի ծնունդներ ունենք կամ կունենաք, եթե չունեցանք, այդ վտանգը նորից կկանգնի դպրոցների առաջ։ Ասենք այլ բնակավայրերից տեղափոխվելով՝ դրանով չես կարող դպրոց պահել։ Ընտանիքները պիտի հիմնավորված լինեն տվյալ բնակավայրում, տվյալ գյուղում, որպեսզի դպրոցները փրկվեն փակման վտանգից»,-ասում է Հրայր Կարապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ