Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում ենք հստակ պատասխանեք, թե որ ուղով եք տանում բանակցությունները. հիմքը որն է». Արման Աբովյանը՝ ՀՀ իշխանություններին

Հունիս 09,2022 17:26

«Մեզ փորձում են համոզել, որ կամ ամեն ինչ մեր փոխարեն որոշել են, և ոչ մի բան փոփոխության ենթակա չէ, մյուս կողմից էլ փորձում են համոզել, որ մենք այնքան թույլ ենք, որ ուզենք էլ, ոչինչ չենք կարող անել: Ակնհայտ սուտ է»,-«Հայկական օրակարգ. բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանը:

Խոսելով հանրության կողմից իշխանության նկատմամբ վստահության կարևորության մասին՝ Արման Աբովյանը մտահոգություն հայտնեց՝ ինչպե՞ս կարող է հանրությունը վստահել մի իշխանության, որը մինչև նոյեմբերի 9-ը մի բան էր ասում, նոյեմբերի 9-ից հետո՝ այլ: Ըստ նրա՝ որքան էլ ծանր լինի, պիտի ճշմարտությունն ասել:

Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ նա նկատեց. «Վերլուծաբանների համայնքը փաստական տվյալ չունի, թե այսօր ինչ է կատարվում: Տեղեկություն ստանում ենք ռուսական, ամերիկյան, եվրոպական թուրք-ադրբեջանական աղբյուրներից: Իհարկե, վերջինները վստահելի չեն: Եվ փորձում ենք եզրակացություններ անել՝ հենվելով քաղաքագիտական կամ տարածաշրջանային զարգացումների տրամաբանության վրա»:

Ըստ նրա՝ իշխանություններն այսօր բաց չեն հանրության հետ, թե ինչ է կատարվում: Ուստի ասաց. «Թաքցնելու բան չկա. խնդրում ենք հստակ պատասխանեք, թե որ ուղով եք տանում բանակցությունները. հիմքը որն է: Նույնիսկ այն մարդիկ, որոնք առայժմ սատարում են ներկա իշխանություններին, իրենք էլ ունեն խնդիր տեղեկության ճշգրտության առումով և բնավ դա չեն թաքցնում»: Արման Աբովյանի համոզմամբ՝ եթե չկա վստահություն, ապա ի՞նչ հաղորդակցային գործիքակազմ:

Նրա համոզմամբ՝ եթե ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն գործընթացներից, դա բերելու է ներքին խորքային ցնցումների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930