Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը. Արարատ Միրզոյան

Հունիս 09,2022 17:30

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Սիրով ողջունում եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Սերգեյ Լավրովին։

Այս տարվա ընթացքում պարոն Լավրովի հետ սա արդեն մեր երրորդ հանդիպումն է, և այսօր էլ մենք կառուցողական և անկեղծ քննարկում ունեցանք ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում գործընկերության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ։

Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարի մենք տոնում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Սա շատ լավ հնարավորություն է ամփոփելու մեր համատեղ աշխատանքի արդյունքները։ Վստահ եմ՝ մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և փոխադարձ շահերի խորը ընկալման վրա։

Ինչպես գիտեք, ապրիլ ամսին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը կարևոր ուղենիշներ է սահմանել՝ ուղղված մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Օրեր առաջ պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ Պետդումայի նախագահ և իմ լավ բարեկամ Վյաչեսլավ Վոլոդինը։ Բացի այդ, ապրիլին ինքս աշխատանքային այցով գտնվում էի Մոսկվայում: Նույն ամսվա վերջին Հայաստանում տեղի ունեցավ հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը։

Վաղը Ռուսաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակույթի օրերը: Արդեն տարվա երկրորդ կեսին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր։ Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր հարաբերությունների հոբելյանական այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումները տպավորիչ ընդգրկում ունեն, և համոզված եմ, որ գործադրվելու են բոլոր ջանքերը՝ ծրագրված աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար՝ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան։

Գործընկերոջս հետ այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում։ Երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, միջխորհրդարանական հանձնաժողովի և միջտարածաշրջանային համաժողովի գործունեությունը։

Անդրադարձ ենք կատարել նաև 2022-2023 թվականների ծրագրի իրականացման շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հաճախականության ապահովման հարցերին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցության հարցերին նաև ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը։ Քննարկել ենք փոխգործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Բնականաբար, այսօրվա մեր քննարկման առանցքում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

Հարգելի՛ գործընկերներ,
Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար։ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերն` ուղղված 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է Հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

Արդիական է նաև Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը, որոնք հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Ես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմից շարունակվող վանդալիզմի ու պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է միջազգային անհապաղ ներգրավվածություն։

Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

Բնականաբար, քննարկել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակաման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերը:

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է այս գործընթացի հստակ շրջանակը և հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի ունեցավ վերջերս Մոսկվայում, իր դրական արդյունքները կգրանցի։

Մենք գոհունակություն ենք հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել վերջինիս արդյունավետ գործունեության առնչությամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ այս ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։ Ակնկալում ենք, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կցուցաբերի այս գործընթացին՝ համաձայն 2021թ․ նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածության։

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել նախարար Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը և խոսքը փոխանցել իմ գործընկերոջը։

Շնորհակալություն։

Հարց. Շատ շնորհակալություն: Բարև Ձեզ, Սերգեյ Վիկտորի, բարև Ձեզ, Արարատ Սամվելի։ Հարցս ուղղված է երկու նախարարներին էլ: Որքան հասկանում եմ, Սերգեյ Վիկտորի, երեկ Ձեր գործընկեր Չավուշօղլուի հետ զրույցի ընթացքում այս կամ այն չափով անդրադարձել եք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թեմային։ Ի՞նչ համատեքստում է հնչել այս թեման այսօր բանակցությունների ընթացքում (ինչպես տեսնում ենք, հնչել է), որքանո՞վ է, սկզբունքորեն, հաջողվում առաջընթաց գրանցել Բաքվի ու Երևանի դիրքորոշումների տեղաշարժի հարցում: Դուք քիչ առաջ նշեցիք խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին, որն անհրաժեշտ է՝ ակտիվացնելու այդ աշխատանքները, ներառյալ՝ իհարկե, Ղարաբաղի գործոնի առնչությամբ:

Պատասխան․ Շնորհակալ եմ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, պետք է ասեմ, որ մենք ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Սա ողջունելի է:

Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ այն առումով, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնումենայնիվ, մենք պարբերամբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև։ Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն են փորձում գտնել, կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով: Մենք չենք կարծում որ սա կառուցողական է:

Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին: Այնումենայնիվ, կրկին ընդգծում եմ, որ ողջունելի է լսել Թուրքիայից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են բացել Հայստանի հետ փակված սահմնանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան գործընթացին, ապա ինչպես պարոն Լավրովը նկատեց, կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններն ընթանում են: Անշուշտ՝ բազաթիվ հարցերում պատկերացումները չեն համընկնում, բայց բանակցությունները հենց դրանով էլ բանակցություններ են, որ այդ չհամընկնող կետերի շուրջ փորձեն ընդհանուր եզրեր գտնել՝ փոխզիջումների տարբերակով: Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին: Մենք կարծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավեր չէ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Մենք նաև հավատացած ենք, որ այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Սա է այն միջազգային ձևաչափը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը գտնելու նպատակով:

Բանակցություններն ընթանում են, ինչպես Սերգեյ Վիկտորին ասեց, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով: Ըստ էության, բանակցություններ ասել, թերևս փոքր-ինչ չափազանցված է այս փուլի համար, բայց սկիզբը դրված է, մեկնարկը տրված է այս գործընթացի․ տեղի է ունեցել առաջին հանդիպումը: Ինչպես մենք նշեցինք, հանձնաժողովների երկրորդ հանդիպումը կլինի Մոսկվայում:

Նաև որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով: Անշուշտ, ասել, որ կա լիարժեք պատկերացում՝ սխալ կլինի: Բայց նաև ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ: Եվ այստեղ պետք է անպայմանորեն ընդգծեմ, որ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական ազատ չարձակելը Բաքվի կողմից, ինչպես նաև մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները, և ընդհանուր առմամբ, հակահայկական հռետորաբանությունն ու սադրիչ գործողությունները, որ մենք տեսնում ենք Բաքվից, միայն խանգարում են այս գործընթացներին: Առիթը օգտագործելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ և՛ Բաքվի, և՛ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավել այս հարցերին:

Հարց. Արարատ Սամվելի, արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաներ՝ հանրապետության վարչապետի հրաժարականի պահանջով: Արդյո՞ք սա նշանակում է, որ կանգնած ենք նոր քաղաքական ճգնաժամի առջև, և եթե այո, ապա ինչպե՞ս եք տեսնում ելքը դրանից: Շնորհակալություն:

Պատասխան. Ի պատասխան Ձեր հարցին՝ կարող եմ միանշանակ պնդել, որ քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, և կարող եմ երկու փաստարկ, կամ ապացույց բերել ասածիս․ նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի և հանգուցալուծել են այն ժամանակ իսկապես առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ՝ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից: Այսինքն, դա փաստում է, որ քաղաքացիները աներկբայորեն հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումը արտահայտել և որոշում կայացնել:

Երկրորդ՝ մենք հետևում ենք, համենայն դեպս, ես ինչքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող հանրահավաքների բազմամարդությունը կամ սակավամարդությունը, թերևս, չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և բոլորը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն:

Եթե հեռանանք իրավունքի հարցից և անդրադառնանք այդ գործընթացի տրամաբանական կողմերին, ես կարող եմ իմ մասնավոր, անձնական դիրքորոշումը հայտնել: Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում ինքս ինձ համար և կարող եմ ասել նաև՝ ինչու: Նախ՝ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և ամենասուր քննադատության ենթարկել իշխանություններին և ամենասուր հարցերը տալ, որից ցավոք, կամ բարեբախտաբար, նրանք չեն օգտվում. իրենց իրավունքն է կրկին:

Եվ երկրորդ, ամենաէական, բովանդակային կողմը հարցի․ որքանով, որ հասցրել եմ հետևել և հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, ճիշտ քաղաքականություն չի վարում Ադրբեջանի հետ բոլոր նշածս, արդեն քիչ առաջ թվարկածս ուղղություններում, բանակցություններում, ճիշտ քաղաքականություն չի վարում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և այլն, և այլն:

Եվ այստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, և իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ 2021 հունվարի 11-ի և արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, և այլն: Այսինքն, եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական լիներ, որովհետև մեր մոտեցումը ես արդեն ներկայացրեցի, և վաղուց հանրահռչակված է: Եվ ահա այս հավակնորդ քաղաքական ուժերը, ենթադրում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այս առանցքային հարցերում հակառակ դիրքորոշում ունենային: Կրկին, ես շատ չեմ հասցրել հետևել, բայց ինչքանով որ հասցրել եմ, որևէ խոսք՝ նշածս գործընթացները կասեցնելու, այդ գործընթացներից դուրս գալու մասին չեմ հանդիպել, ինչն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ կերպով շահարկման ճանապարհ է և առիթ: Այսքանը թերևս:

Հարց. Համեմատաբար երկար դադարից հետո՝ հունիսի 3-ին, ինչպես նշեցիք, Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի նիստը։ Ավելի մանրամասն ինչպե՞ս կգնահատեք հանդիպման արդյունքները, և հաշվի առնելով կոմունիկացիաների վերաբերյալ պայմանավորվածությունների առումով ադրբեջանական կողմի շարունակական կամայական՝ միջացնաքային տրամաբանությունն անըդհատ շահարկելու հարցը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս հարցում ավելի հստակ արդյունքներ ունենալու առումով։

Պատասխան. Ես նույնպես չեմ կարծում, թե գործընթացը ձգձգվել է․ բավականին աշխատանքային տեմպով և աշխատանքային մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Ես արդեն ասացի, որ այս ուղղությամբ բազմաթիվ հարցերում կա համընդհանուր ընկալում և համաձայնություն։ Առաջին հերթին՝ սա վերաբում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ բնականաբար, միջանցքային տրամաբանությունն այստեղ տեղ չունի։ Եվ սա, ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է։

Միևնույն ժամանակ, նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան բազմաթիվ մանրամասներ, որոնց վերաբերյալ կողմերը դեռևս տարբեր պատկերացումներ ունեն։ Բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել