Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ տեսնի, որ իր երեխան հիվանդանում է կամ՝ ինքը չի կարողանում այդ տարածքում ապրել, միանշանակ ոտքի է կանգնելու՝ անկախ նրանից օրենքում ինչ է գրված». Վիկտորիա Բուռնազյան

Հունիս 09,2022 17:14

«Ընդերքի մասին» փոփոխված օրենքի նախագիծը բնապահպանական կազմակերպությունները համարում են վտանգավոր եւ ըստ նրանց, այն չի բխում բնակիչների շահերից: Չնայած այդ հանգամանքին՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են ՀՀ նախագահին՝ կոչ անելով մինչեւ երկրորդ ընթերցումը փորձագիտական շրջանակներից լսել՝ որքանո՞վ է այն հակասահմանադրական եւ վտանգավոր: Իսկ ընդունվելու դեպքում էլ՝ չստորագրել:

Հիշեցնենք, Ընդերքի մասին օրենսգիրքը լրացվել է նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ըստ օրենքի, անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

Այսօր այս առիթով «Մեդիա կենտրոնում» կրկին քննարկում էր կազմակերպվել: «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով, պետք է դիտարկել օրինագծում նշված «քաղաքացիական անհնազանդություն» ասվածն, այսինքն՝ բողոքն ինչի հիման վրա է առաջացել, եւ, եթե այն իսկապես խնդրահարույց է, տեղի համայնքի համար եւ այն լուրջ խնդիրներ է առաջացնելու, միանշանակ պետք է այնտեղ դադարեցնել կամ ընդհանրապես չսկսել ընդերքօգտագործում:

Թե՛ Օլեգ Դուլգարյանը եւ թե՛ Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նշեցին, որ տպավորություն է, որ օրենքում փոփոխությունները արվել են՝ Ամուլսարը շահագործելու նպատակով:

«Հետագայում էլ կարող են այդպիսի դեպքեր լինեն, որ բնապահպանական, գյուղատնտեսական տարածքներում հանք շահագործելու թույլտվություն տան: Այդպիսի օրենսդրություն են ընդունում, որպեսզի համայնքը, նրա կարողությունները թուլացնեն: Շատ պարզ ասվում է՝ ստեղծել ներդրողների համար նպաստավոր միջավայր: Օրենքը մշակվել է միայն ու միայն հանքարդյունաբերողների շահերից ելնելով՝ անտեսելով համայնքի բնակիչների շահերը»,-ասաց Օլեգ Դուլգարյանը:

 

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով, եթե մենք ունենք համայնքներ, որտեղ բնակչությունը ողջունում է հանքարդյունաբերությունը, այնտեղ միանշանակ է, որ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել այդ աշխատանքների իրականացմանը. «Բնակիչները գոհ են ընդերքօգտագործողից, միասին համագործակցում են, բայց, երբ համայնքը չի ցանկանում իր տարածքում ընդերք օգտագործեն, կամ, երբ ընդերքօգտագործման թույլտվությունը տալուց հետո եղել են խնդիրներ, եւ բնակչությունը տեսնում է ու բողոքում է դրա դեմ եւ դա հաշվի չառնե՞լ եւ չգնահատել այն էական ռիսկերը, որոնք սպառնում էին բնակչությանը եւ արդեն առկա վնասները, որոնց մասին բնակչությունը բողոքում է եւ դրա համար է քաղաքացիական անհնազանդության գնացել, սա անընդունելի է»:

Ըստ նրա, մեկ այլ խնդիր էլ կա. օրինագծում նշված է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննության նախագիծը չի ենթարկվելու. «Նախարարությունն ասում է՝ ներդրումային միջավայր ենք բարելավում, բայց նախքան այդ՝ դու պետք է լսես քո բնակչին: Առաջնահերթ մենք ապրում ենք եւ ուժեղ ենք մեր համայնքներով: Չպետք է մեր համայնքներին եւ բնակիչներին դիտենք միայն հարկ վճարող, պատերազմի ժամանակ էլ՝ որպես զինվոր, որը պետք է գնա, պահի սահմանը: Եթե մարդն ապրում է այդ տարածքում եւ պատկերացում ունի ինչպիսի միջավայր ու զարգացում է ուզում, մենք պետք է հաշվի առնենք:

Պետք է հանքարդյունաբերությունը լինի հավասարակշռված: Պետք է ունենանք հստակ ռազմավարություն՝ ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ՝ ընդհանուր երկրի զարգացման, որ իմանանք՝ որ տարածքում՝ ինչ պետք է զարգացնենք: Այսօր տեսնում ենք, որ մի տարածքում ընդերքօգտագործման թույլտվություն է տրված ոսկի որոնելու, բայց մյուս նախարարությունը այդ նույն տարածքում թույլտվություն է տվել անտառ տնկելու: Սա խոսում է այն մասին, որ մի ձեռքը չգիտի ինչ է անում մյուս ձեռքը»:

Վիկտորիա Բուռնազյանի խոսքով, եթե նույնիսկ այդ տարբերակով ընդունվի նախագիծը, սա բերելու է բողոքի մեկ այլ ալիքի. «Որովհետեւ, եթե մի տարածքում կա դժգոհություն, կա կոնֆլիկտ բնակչությունը հաշվի չի առնելու՝ ո՛ր օրենքի որ կետով ինչ է սահմանված: Իրենք դուրս են գալու փողոց եւ իրենց պահանջները ներկայացնելու են: Այդ ժամանակ կառավարությունը կգնա՞ այդ անհնազանդությունը հանդարտեցնելու, չեմ կարող ասել, թող իրենք որոշեն, բայց, երբ մարդը տեսնի, որ իր հողն ու ջուրը կեղտոտվում են, երբ տեսնի, որ իր երեխան հիվանդանում է կամ՝ տեսնի, որ չի կարողանում այդ տարածքում ապրել, որովհետեւ այդ գործունեությունը խանգարում է, նա միանշանակ ոտքի է կանգնելու եւ պաշտպանելու է իր իրավունքները՝ անկախ նրանից օրենքում ինչ է գրվելու: Քաղաքացու բողոքը չպետք է դիտվի որպես անհաղթահարելի ուժ, պետք է կառավարությունը կարողանա իր բնակչի հետ խոսել եւ գտնել կոնսեսնսուսային տարբերակ»:

Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ նախագծի հեղինակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, սակայն նախարարությունից որեւէ մեկը չէր եկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930