«Թալինի տարածաշրջանում գտնվող եզդիական գյուղերի բնակիչներն արձանագրում են, որ տարիներով փոփոխություն չեն տեսել: Եթե գնանք գյուղեր, ապա 12 կմ-ոց ճանապարհը կանցնենք առնվազն 50-60 րոպեում»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում դիմելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարում շատ խնդիրներ են կուտակվել․ «Իսկ երբ գյուղերը խոշորացվել են, բյուջեն թույլ չի տալիս սուբսիդավորմամբ հարցեր լուծել։ Հիմա ցանկություն կա խոշորանալու եւ միանալու Թալին խոշորացված համայնքին, որպեսզի փոփոխություններ նկատվեն։ Հայկական գյուղերն էլ են դատարկվում, բայց ՀՀ-ն այն երկիրն է, որտեղ մենք մեր ինքնությունն ենք կարողանում պահպանել։ Գյուղերը եզդիաթափվում են, եզդիները գնում են ՀՀ-ից։ Կան նաեւ հակադիր կարծիքներ, բայց բնակչության մի մասը ցանկանում է»։
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ պատրաստակամ են միավորման հարցը քննարկել, եւ բոլոր տեղերում էլ հակադիր կարծիքներ կլինեն․ «Թվում է, թե ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները պետք է առանձին մնան, բայց զարգանալու համար ավելի մեծ միավորի մաս պետք է դառնան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ