Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն ընտրվել է ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հունիս 09,2022 16:10

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985թ-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: 2011-2013թթ. ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում անցել է դոկտորանտուրա՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան:

Դավիթ Հարությունյանը 2004-2005թթ. աշխատել է «ԱՍՔ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, 2005-2007թթ.՝ «Քեյ Փի Էմ Ջի Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով խորհրդատու, 2007-2011թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով ավագ խորհրդատու, 2009-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2011-2013թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար, 2013-2017թթ.՝ «Գրանտ Տոռոնտոն Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար, 2017-2022թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:

2011-2013թթ. նա եղել է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, 2013-2017թթ.՝ Ներքին աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքներով արժանացել է տնտեսագիտության և իրավագիտության մասնագիտության գծով «Մխիթար Գոշի» անվան առաջին կարգի մրցանակի։ 2013թ. մրցույթի արդյունքների ամփոփմամբ տնտեսագիտության ոլորտում «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» աշխատության համար արժանացել է «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակի:

2011-2013թթ. նա դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, իսկ 2011թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակցել է մի շարք սեմինարների և գիտաժողովների Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Չեխիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլն: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատությունների և 5 գրքերի:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2022-2027թթ. զարգացման ծրագիրը: «Այս տարիների ընթացքում նպատակ ունենք ձևավորել երիտասարդ գիտական անձնակազմ, ներգրավել նոր արհեստավարժ կադրերի, մասնակցել և դառնալ հանրապետական ու միջազգային մրցույթների շահառու, համագործակցել միջազգային վերլուծական կենտրոնների, ՀՀ կառավարության տնտեսագիտական ուղղվածության նախարարությունների և Ազգային ժողովի տնտեսագիտական ուղղվածության հանձնաժողովների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ:

Նաև նպատակ ունենք ներդնել նոր գիտական ուղղություններ, իրականացնել երկրում մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրների, այդ թվում՝ գնաճի կառավարման, արտաքին պարտքի կառավարման, դրամավարկային և հարկային քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությունների ուսումնասիրություն և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գիտական հիմքով կամ նորամուծական իրական տնտեսության զարգացման ապահովման համար իրականացնել հետազոտություններ և ներկայացնել երաշխավորություն իշխանության մարմիններին՝ հատկապես կարևորելով ռազմաարդյունաբերական համալիրի և ինտենսիվ հիմունքներով գյուղատնտեսության զարգացումը։

Թվային տնտեսության ժամանակաշրջանում կարևոր է ինստիտուտում զարգացնել երկու ուղղություններ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և դրանց կիրառական խնդիրների հետազոտություն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում հետազոտություններ։ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իրականացնել հետազոտություններ էներգետիկ և պարենային անվտանգության հարցերի շուրջ և ներկայացնել այն իշխանության մարմիններին», – ասաց Դավիթ Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930