«Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե ՔՊ-ն չունի իշխանություն։ Մենք ամեն օր գյուղերում, քաղաքներում շրջում, խոսում ենք, բայց նրան տեղ չեն հասցրել, որ նա անգամ ընդդիմության լիդեր չի կարող լինել, որովհետեւ ժողովուրդն իրեն չի ընդունում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Նա նշեց․ «Նա ասում է, թե 44-օրյա պատերազմում արել է այն, ինչ չեն արել ՔՊ պատգամավորները։ Հայտնեմ, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 20-ին, Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ՝ «Գեղարքունիք» ջոկատ։ Վաչիկ Սաղաթելյանն էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը։ «Գեղարքունիք» ջոկատի բոլոր անդամները կհիշեն պահը, որ նա խնդրում էր՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն։ Գնաց, իսկ տղաներից ոչ մեկը չեկավ։ Չեմ էլ կարծում, որ մեկ օր գոնե գնացել են պատերազմի ընթացքում։ Ու նա հրապարակում հայտարարում է, թե ավելին է արել՝ մոռանալով, որ ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնք մասնակցել են պատերազմներին, կորցրել ընկերներ։ Պետք չի պատերազմի մասին այդպես խոսել, դա մեր արհավիրքն էր»։
Պատգամավորը շարունակեց․ «Նա մոռանում է մարտի մեկը, երբ 17 տարեկան էի, ծեծելով տանում էին ոստիկանական բաժանմունք, իսկ 2012թ․-ին ինձ արգելեցին վստահված անձ լինել։ Ազգային պարկի տեսուչ էի աշխատում, 2017թ․ ընտրություններից հետո Արծվիկ Մինասյանի հանձնարարականով ինձ ազատեցին աշխատանքից՝ առանց պատճառաբանելու, մինչդեռ պայմանագիրս երկու տարով էր․․․ Այդ Իշխանիկն ասում է ոստիկանին, թե մատները կջարդի։ Ախր մենք իրեն դեռ մարզպետարանից գիտենք։ Երբ մտնում էի իր սենյակ, ոտքերն ու ձեռքերը դողում էին։ Իմ դուրս գալուց հետո էլ զանգում էր տարածքային կառավարման նախարարություն ու բողոքում, թե Գրիգորյան Նարեկն ինձ հետ բարձր է խոսել։ Ու այսօր այդ տղան խոսում է դուխից։ Զորակցում եմ այն ոստիկաններին, որոնք վիրավորվեցին ինչ-որ խուլիգանների կողմից եւ այն քաղաքացիներին, որոնք մոլորված են եւ չգիտեն ինչ են անում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լրացում․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս ելույթին՝ գրելով․ «Ինձ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինքնավնասումով (կտրել է դաստակի երակները) բանակից ազատվածն ինչպե՞ս կարող է ջոկատ ղեկավարել։ Այսօր ԱԺ-ում անմեղսունակության մրցույթ էր. առաջին պատվավոր հորիզոնականը վստահաբար ձկնավաճառ Նարեկինն է👏
Հ.Գ. Իշխան Սաղաթելյանի հայրն, ի դեպ, 60 եւ ավել տարեկան է եւ չէր կարող զորահավաքի անգամ ենթակա լինել»։