Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փոփոխությամբ ՍԴ 9 դատավորները կվարձատրվեն հավասարաչափ. Գրիգոր Մինասյան

Հունիս 09,2022 15:42

Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, իսկ ՍԴ դատավորների դեպքում՝ դրույքաչափի 80 տոկոսի չափով վերանայում՝ հավելավճարի տեսքով: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանին հետաքրքրել է, թե ինչու գործակիցների փոփոխման փոխարեն, ընտրվել է հավելավճարի ճանապարհը: Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ դրույքաչափը փոխելու պարագայում պետք էր անդրադառնալ դրույքաչափերի ամբողջ շղթային: Այդ դեպքում Վճռաբեկ եւ ՍԴ դատավորների աշխատավարձերի դրույքաչափը կհավասարեցվեր ավելի բարձր կարգավիճակ ունեցող պետական պաշտոնյաների աշխատավարձերի դրույքաչափին: Հաջորդ խնդիրն  այն է, որ ՍԴ դատավորները, իրականացնելով նույն լիազորությունը, կրելով նույն պատասխանատվությունը, ստանում են տարբեր աշխատավարձեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ Սահմանադրական դատարանի՝ դատական համակարգից եկող որոշ դատավորներ, տարին երկու տոկոս կուտակելով, ստանում էին հավելավճարներ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ այս փոփոխությամբ ՍԴ 9 դատավորները կվարձատրվեն հավասարաչափ:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է նախաձեռնության ընդունման քաղաքական բաղադրիչին՝ նշելով, որ այս փոփոխությունն իրենց նախընտրական ծրագրերի՝ դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող քայլերից մեկն է: Նրա համոզմամբ՝ արդարադատության մակարդակի բարձրացման տեսանկյունից եւս դատավորների աշխատավարձերը պետք է լինեն արժանապատիվ, եւ սա դատավորների աշխատավարձերի ընդհանուր բարձրացման գործընթացի սկիզբն է:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930