Լրահոս
Օրվա լրահոսը

Կընդլայնվի սահմանամերձ համայնքներում ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակը. կառավարությունը հաստատել է բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը

Հունիս 09,2022 15:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ ծրագիրը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։ Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում ներկայում առկա է 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ծրագրով սահմանվում է նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները, աջակցության դադարեցման հիմքերը, ծրագրի իրականացման ռիսկերը։ Արդյունքում հնարավոր կլինի ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունությանն ու զարգացման ապահովմանը։

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազ. դրամ։ Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թ. կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։ Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։

«Սա սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է, վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Այս ծրագիրը գյուղական համայնքների համաչափ զարգացման համար կարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը», – ասել է նախարարը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկացած ոք սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար բանկից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունից կստանա 12 միլիոն դրամ այդ գումարի գծով 12 տոկոս սուբսիդավորում։ «Տրամաբանությունն այն է, որ հենց զինվորականները կլինեն սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ կառուցողները, որովհետև սահմանամերձ շատ բնակավայրերի բնակիչներ հենց զինվորական են»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կրկին կարևորել է ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը. «Հանրության հետ ռազմավարական հաղորդակցությունը չափազանց կարևոր է, որպեսզի մենք խնդիրները կարողանանք լուծել, նպատակին հասնել: Իսկ նպատակն այն է, որ ժողովրդագրական վիճակը բարելավվի, բնակարանային ֆոնդը բարելավվի և այլն»:

Օրենսդրական նախաձեռնություններ. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը

Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում: Օրինագծերով խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Օրինագծերով հիմքեր են ստեղծվում նաև ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ, 2020 թ. հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծերին, առանձնացրել է երկու կարևոր առանցքային դրույթ. այստեղ. «Առաջինը, որ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Երկրորդ՝ գնումների ամբողջ համակարգը իրականացնում է Պաշտպանության նախարարությունը: Այսինքն՝ Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ունեմ՝ Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ընդգծել է, որ խոսքը միայն գնման գործընթացի մասին չէ, այլև նաև՝ դրա ապահովման. «Ըստ էության, Զինված ուժերը պիտի զբաղվեն միայն այն գործով, որը վերապահված է նրանց՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ: Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը: Այլ խնդիրները պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության այլ վարչությունների կողմից, հիմնականում քաղաքացիական: Բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, պիտի պատվիրակվեն: Արդյունքում՝ Զինված ուժերի մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ իրենց առաքելությամբ զբաղվելու»:

Նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն. Գործադիրը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց։ Բացառիկ ծառայության, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախատեսվում է, որ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են ՀՀ կառավարության լիազոր մարմին: Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։

Օրբելու փողոցում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով:

Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թ.: Այն իրենից ներկայացնում է նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններ՝ դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020 թ. գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ըստ այդմ, առաջարկվում է բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով՝ 6 613 652 800 դրամ: Որոշմամբ սահմանվում է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարիների ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական գույքի արդյունավետ կառավարումը կառավարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն է. «Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, ոչ մի արդյունք, ոչ մի ավելացված արժեք երկրին չի բերում: Այսինքն՝ հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական, չեն աշխատում ուղղակի կամ մաշվում են: Այստեղ մենք պետք է շատ լուրջ հետևություններ անենք հասկանալու համար, թե ինչ պետք է անենք, որպեսզի պետական գույքն արդյունավետ կառավարենք: Մենք ունենք դեպքեր, երբ պետական շենքերը չեն օգտագործվում, դեպքեր էլ կան, երբ պետական գերատեսչությունները տարածքներ են վարձակալում: Այս թեման էլ մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք: Իհարկե, որոշ տեղերում կարող է լոկացիայի խնդիր լինել, որոշ տեղերում էլ զուտ քաղաքաշինական նպատակահարմարության խնդիր, բայց մեզ համար սա կարևորագույն թեմա է: Մենք պետական գույքի կառավարումը որպես պետական բյուջեի եկամտային հոդված, ըստ էության, առանձնապես այդպես ուշադրության կենտրոնում չենք էլ պահում»:

Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, պետական գույքի արդյունավետ կառավարման համար ներկայացվել են առաջարկություններ, գաղափարներ: Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է նախ կյանքի կոչել գեոպորտալի հետ կապված գաղափարը. «Հաջորդը, ի վերջո մենք պրակտիկայից պետք է անենք հետևություններ: Այստեղ ամենատարբեր գաղափարներ հնչեցին, որոնք պետք է լրջորեն քննարկել: Եվ նաև մեր ամենակարևոր խնդիրը, որի մասին խոսել ենք՝ պետք է այս ցիկլը հաղթահարենք. մասնավորեցման ենք դնում գույքը, չի մասնավորեցվում, հետո երկրորդ, երրորդ անգամ ենք դնում: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չենք անում, հետևաբար պետք է խորամուխ լինենք խնդրի մեջ և պատշաճ լուծումներ գտնենք»:

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով՝ 2021 թ. 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառումը հնարավորություն է տվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021 թ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։ Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է, մասնավորապես, վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով: Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թ. տրամադրված և 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը: 2022 թ. բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին: Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2024 թ. հունվարի 15-ից հետո: Այն դեպքում, երբ 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կառույցի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կառույցի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը: Որոշմամբ, 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների մարման ժամկետներն առաջարկվում է ավելացնել սահմանված ժամկետներից 3 ամսով ավելի, քան 2021 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, հաշվի առնելով, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, հետևաբար ֆինանսական կառույցը բյուջետային երաշխիքի մարման ժամկետ պետք է սահմանի որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետներից առնվազն 90 օր պակաս ժամկետով։ Արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում գյուղատնտեսական հումքի մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, այս տարի ներդրվել է մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ: «Մայիսի 31-ին, ավարտվել է պտուղբանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Մեր ակնկալված արդյունքն այս պահի դրությամբ առկա է՝ 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 1500 պայմանագիր, որի համաձայն պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղբանջարեղեն՝ 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա, ըստ էության, ապահովելու է ընդհանուր ծավալի կեսը: Այս գործիքը մենք ժամանակի հետ կուժեղացնենք և այնպես կանենք, որ մթերողների և գյուղմթերք աճեցնողների միջև հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ, ավելի վստահելի, որպեսզի երկու կողմերն էլ ունենան ավելի լավ կանխատեսելու և պլանավորելու հորիզոն: Հուլիսի 1-ը նաև վերջնաժամկետ է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար, և, օգտվելով առիթից, կոչ եմ անում գյուղացիներին և մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել բոլոր մթերման պայմանագրերը»,-ասել է նախարարը: Վահան Քերոբյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է աջակցել մթերման պայմանագրեր կնքելու հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև նպաստել պայմանագրերի կետերը չկատարելու հետ կապված խնդիրների հարթմանը:

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ամբողջ ծավալի համար չեն կնքվել պայմանագրերը և հանձնարարել է առկա խնդիրների լուծման համար գտնել մեխանիզմներ. «Այսինքն՝ կան նաև տնտեսվարողներ, որոնք գյուղացիների շրջանում ավելի մեծ վստահություն ունեն, և բոլորն ուզում են նրանց հետ պայմանագրեր կնքել: Ստացվում է, որ մի տեղ հերթեր են, իսկ գործարանը, արտադրողը, պարզ է, մթերելու սահմանափակ քանակ ունի, անսահմանափակ չի կարող մթերել: Իսկ մյուսն էլ սահմանաչափին չի մոտեցել: Կա նաև հողամասերից մոտիկ լինելու խնդիրը, որովհետև, բնականաբար, գյուղացիները կուզենան հնարավորինս մոտ մթերումն իրականացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ, առաջին հերթին մարզպետներն այս փուլում պետք է շատ ուշադիր լինեն: Լավ կլինի, որ մարզպետարանները և կառավարության համապատասխան գերատեսչությունները հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի փոփոխությունը ֆորմալ չլինի, այլ, իրոք բովանդակային կարողանանք խնդիրը լուծել», -ասել է կառավարության ղեկավարը:

Միջազգային համագործակցություն

Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» 2019 թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով վերանայվել են գործող կարգավորումները: Համաձայնագրով հստակեցվել են երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:

Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում կապիտալի միասնական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը: Համաձայնագիրը թույլ կտա անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն: Փաստաթղթի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից: Միևնույն ժամանակ, վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն կտա բանկերին ավելի ճիշտ գնահատել իրենց ռիսկերը և այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող, պարտաճանաչ վարկառուին տրամադրել վարկեր ավելի լավ պայմաններով, քան հնարավոր էր սահմանափակ տեղեկատվության պարագայում:

Եվս վեց ամսով կերկարաձգվի երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը

Գործադիրն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում: Նման որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման, իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչն 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին: Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ևս վեց ամսով, մինչև 2023թ. հունվարի 15-ը նախատեսվում է երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը:

Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի մարզի մի շարք տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Արդյունքում Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Ծրագիր 4-ի շրջանակում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել, ճանապարհահատվածի կառուցման նպատակով: Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը:

Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանի և դրան հարակից տարածքները՝ շուրջ 5000 քմ մակերեսով, հանդիսանում են քաղաքացու սեփականություն: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն և կհաստատվեն հուշարձանի նկատմամբ պետության, պետական լիազոր մարմնի իրավասությունները, կհստակեցվի պետական մարմինների գործառույթների շրջանակը, ծրագրվող և իրականացվող աշխատանքների ու միջոցառումների կազմակերպման անխոչընդոտ ապահովումը, հուշարձանի օգտագործման և պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը: Բացի այդ, կլուծվեն հուշարձանի տարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձանը ընդգրկելու օրենսդրությամբ սահմանված հարցերը:

Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը: Ըստ այդմ, կկարգավորվեն անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սահմանվում են հոգեբանի որակավորմանը ներկայացվող պահանջները, որակավորման նախապատրաստման և փաստաթղթերի ներկայացման պայմանները, որակավորմանը ներկայացվող ընդհանուր պայմանները, ինչպես նաև թեստային առաջադրանքների կազմման, որակավորումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման պայմաններն ու իրավասությունները:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Գործող կարգով՝ սուբվենցիայի ծրագրերի ամբողջական փաթեթների ՀՀ համայնքների համար մարզպետարան ներկայացնելու ժամկետ է սահմանված ընթացիկ տարվա ապրիլի 27-ը, իսկ մարզպետարանների համար նախարարություն ներկայացնելու համար՝ ընթացիկ տարվա ապրիլի 30-ը։ Սակայն հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացի արդյունքում յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրով նախատեսվող մեծածավալ աշխատանքները և դրանց աշխարհագրական լայն սփռվածությունը, համայնքների միավորման արդյունքում համայնքների աշխատակազմերի ուշ ձևավորումը, 2022 թ. երկարատև ձմեռային եղանակային պայմանները՝ մինչև ապրիլ ամսվա վերջ համայնքներում ձյան առկայությամբ հնարավոր չի եղել իրականացնել նախագծման աշխատանքները, այդ թվում՝ չափագրման, երկրաբանական հետազոտություններն ու գեոդեզիական կետերի նշահարումներ իրականացնելու աշխատանքները՝ մի շարք համայնքներում անհնար է եղել մշակել ու կարգով սահմանված ժամկետում ներկայացնել նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Ըստ այդմ, առաջարկվում է առաջարկվում է 2022 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2022 թ. հունիսի 20-ը, իսկ դրանց քննարկումը հանձնաժողովի նիստերում՝ երկարաձգել հունիսի 20-ից մինչև հուլիսի10-ը։

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):

Կառավարությունն ընդունել է մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասի որոշումներ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930